«Տասնյակ հազարավոր մարդիկ վարկեր են վերցրել և այդ վարկերը չեն մարվելու, որովհետև հենց վերցնելու պահից իրենք որոշել են, որ չմարեն: Սա ազդելու է մեր տնտեսության զարգացման վրա: Ես առաջարկում եմ, որ վարկ չմարողները քրեականացվեն»,- ապրիլի 18-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Իհարկե, իշխանական պատգամավորը մշտապես աչքի է ընկնում ոչ ստանդարտ մտքերով, բայց այս դեպքում գործ ունենք երկակի ստանդարտների հետ:
Որքան էլ դժվար է չանդրադառնալը, այնուամենայնիվ փորձենք մի կողմ ողնել այն, որ պատգամավորը բազմաթիվ քաղաքացիների պարզապես վիրավորում է վարկ փակել չկարողանալու համար։ Մեր բազմապիսի հարցումների ժամանակ քաղաքացիներն իրենք պնդում են, որ վարկերի տակ են, մեկը վերցնում ու մյուսն են փակում, և պատճառը իշխանության ապաշնորհ քաղաքականությունն է, սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու անկարողությունը, ոչ թե այն, որ սկզբից էլ որոշել են բանկերի սև ցուցակում հայտնվել։
Բայց այստեղ ուշագրավ է մեկ այլ հարց ևս․ նախքան իշխանափոխությունը, Նիկոլ Փաշինյանը շատ էր սիրում խոսել «տոկոսի տակ ճռռացող ժողովրդի» մասին, վարչապետ դառնալուց հետո էլ, դեռևս նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներից, մեկնարկեց ՀՀ առևտրային բանկերի կողմից վարկային տոկոսների, տույժ-տուգանքների ներման գործընթացը: Փետրվար ամսվա տվյալներով՝ 19 000 ֆիզիական անձանց մասով ներվել են ավելի քան 9.5 մլրդ դրամի չափով պարտավորություններ: Ստացվում է, որ ըստ աղազարյանական տրամաբանության, «հին Հայաստանում» մարդիկ վարկեր էին վերցնում, հետո ի վիճակի չէին լինում վճարել, որովհետև նախկին իշխանությունները համապատասխան պայմաններ չէին ստեղծում, որ քաղաքացին նորմալ աշխատանք ունենա՝ պատշաճ աշխատավարձով, որ կարողանա վարկ մարել։ Կամ էլ «հին Հայաստանում» պարզապես կարելի էր նորից նույն չվճարելու նախատրամադրվածությամբ վարկ վերցնել և չմարել, բայց դա ոչ թե վատ, դատապարտելի էր, այլ հակառակը՝ խրախուսելի։ Համաներումը՝ վկա:
Իսկ ՀՀ «հպարտ քաղաքացին», որն անգամ մասնագիտական տոն ունի, պետք է դատվի չվճարելու համար։ Հիմա նա՝ քաղաքացին, ինչպե՞ս կողմնորոշվի՝ վարկ վճարելը, այնուամենայնիվ, լա՞վ է, թե՝ վատ: Գուցե համահայկական-համազգային խորոված-փարթիի փոխարեն քաղաքացու օրը փորձենք բարձրացնել քաղաքացու իրավագիտակցությո՞ւնը և տեղեկացվածության մակարդա՞կը, որ ինքը կարողանա հասկանալ վարկի արժեքն ու հետևանքները, ոչ թե սպասի, որ իշխանությունը, սեփական ռեյտինգի համար որոշի՝ ներե՞լ, թե՝ դատել։
Տաթև Միրզոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը