Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի աղբահանությունն իրակացնող «Սանիթեք» ընկերության շենքի մոտ։
Ըստ ցուցարարների՝ կազմակերպությունն ամբողջությամբ անգործության է մատնված։
Ցուցարարներից մեկն իր տան աղբը տեղափոխեց ընկերության գրասենյակ։
«Միևնույն է աղբը չեն հեռացնում, ես էլ որոշեցի ինքս բերել: Դա ուղղակի համաճարակի բռնկման պատճառ կարող է հանդիսանալ։ Երեկ Աբովյան փողոցի ամենաբանուկ հատվածով եմ անցել, էդ գարշահոտությունից, ճանճերից ու սանիտարական վիճակից մարդ ուղղակի զզվում է, չգիտի ինչ անի։ Նույն խայտառակ վիճակն ամենուր է։ Երևանը մեր տունն է, և եթե աղբը թողնում են քաղաքում, դա նույն է բերել, թողնել տանը։ Այսօր ակցիայի մասնակիցներն օրվա ընթացքում իրենց աղբը պարբերաբար կբերեն և կդնեն գրասենյաում», - լրագրողների հետ զրույցում ասաց ցուցարար Արուսիկ Մկրտչյանը։
Ընկերության գործադիր տնօրենի օգնական Քրիստինա Հովհաննիսյանը ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց և ասաց, որ տնօրենն այս պահին քաղաքում չէ, մյուս շաբաթվա մեջ մամուլի ասուլիս կհրավիրեն և բոլոր հուզող հարցերին մանրամասն կպատասխանեն, իսկ այսօր խնդրեց թույլ տալ շարունակել իրենց «բնականոն աշխատանքը»։
Նշենք, որ դեռ օգոստոսին աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք» ընկերությունը տուգանվեց 12 միլիոն 377 դրամով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը