02 09 2018

Ինչպե՞ս հետևել կուտակային կենսաթոշակային միջոցներին

Ինչպե՞ս հետևել կուտակային կենսաթոշակային միջոցներին

Որպես կուտակային համակարգի մասնակից` անձը կարող է ցանկացած ժամանակ տեղեկանալ` որքան գումար է կուտակվել իր հաշվին և որքան եկամուտ ունի այդ միջոցների կառավարումից: Այս մասին տեղեկանում ենք Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից։

Համակարգի յուրաքանչյուր մասնակցի համար Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում բացվում է անհատական կենսաթոշակային հաշիվ, որը տալիս է ամենակարևոր հարցերի պատասխանները`

  • որքան սոցիալական վճար է կատարել անձը իր եկամտից,
  • որքան է պետությունը հատկացրել նրա օգտին պետական բյուջեից,
  • որքան է կազմել կենսաթոշակային ֆոնդի եկամտաբերությունը, և արդյունքում որքանով են ավելացել կենսաթոշակային խնայողությունները,
  • ընդամենը որքան գումար կա տվյալ պահին կենսաթոշակային հաշվին
  • որն է ընտրված կենսաթոշակային ֆոնդը և կառավարիչը,
  • այլ տեղեկություններ

Կենսաթոշակային հաշիվը հնարավոր է ստուգել առցանց` ցանկացած ժամանակ, Ձեզ հարմար վայրից` մուտք գործելով www.epension.am  կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգ: Դրա համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք:

Եթե չունեք նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք, ապա կենսաթոշակային հաշվի մասին տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով հաշվի օպերատորներին` ներկայացնելով անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ): Այս պահին հաշվի օպերատորներն են Արարատբանկը, Արդշինբանկը, Էյչ-Էս-Բի-Սի բանկը, Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, Հայփոստը, ՎՏԲ Հայաստան բանկը:

Կուտակած գումարի մասին տեղեկություններ հնարավոր է ստանալ նաև բանկոմատների միջոցով: Օգտագործելով Ձեր բանկային քարտը` «Լրացուցիչ ծառայություններ» բաժնից ընտրեք «Կենսաթոշակային հաշվի քաղվածք» հրահանգը, և բանկոմատը Ձեզ կտրամադրի ամփոփ քաղվածք, որտեղ կտեսնեք, թե տվյալ պահին որքան գումար ունեք անհատական կենսաթոշակային հաշվին, որն է ընտրված կենսաթոշակային ֆոնդը, ինչպես նաև` հաշվով կատարված վերջին տասը գործարքները:

Կենսաթոշակային հաշվին հետևելու եղանակների, ինչպես նաև հաշիվներում արտացոլված տվյալների վերաբերյալ հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել 011 50 18 09 կամ նամակ ուղղել հետևյալ էջի միջոցով` http://epension.am/am/feedback։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ