Հունիսի 18-ին Գյումրու ավագանին որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին զրկել է պատվավոր քաղաքացու կոչումից:
Իրադարձությանն արձագանքելու խնդրանքով 2rd.am-ը դիմել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին:
«Ինչպե՞ս պետք է արձագանքեմ` Աստված իրենց հետ: Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել, ու ժամանակին էլ ոչ մեկին չի խնդրել որ իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տան: Ինչո՞ւ է ավագանին նման որոշում կայացրել, ո՞ւմ է փորձել քծնել կամ ի՞նչ նպատակների է փորձել ծառայեցնել այդ որոշումը` չգիտեմ ու, անկեղծ ասած՝ ինձ չի էլ հետաքրքում,- ասել է Վ. Սողոմոնյանը և հավելել,- Ամեն դեպքում, այդ 17 հոգու պատճառով նախագահ Քոչարյանը Գյումրու հանդեպ իր վերաբերմունքը չի փոխի: Նա այսօր էլ հպարտանում է այն աշխատանքով, որ կատարվել է աղետի գոտում իր նախագահության տարիներին: Կարծում եմ` գյումրեցիներն էլ երբեք չեն մոռանա Քոչարյանի վաստակը` անկախ որևէ ավագանու այս կամ այն որոշումից»:
Նախ արձանագրենք, որ եթե դու երկրի նախագահին շնորհում ես պատվավոր քաղաքացու կոչումով, դա, ըստ երևույթին, հենց քաղաքիդ է պատիվ բերում, որովհետև անկախ նախագահի նկատմամբ քո վերաբերմունքից՝ նա երկրի առաջնորդն է և մնում է այդպիսին՝ ուզես դա, թե՝ ոչ: Բայց, կարծում ենք, ավելի հետաքրքր կլինի իմանալ՝ այդ կոչումը տրվել է ուղակի որպես երկրի ղեկավարի՞, թե՞, այնուամենայնիվ, գործի համար:
Ի՞նչ աշխատանք է կատարել Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում ղեկավարման (նախագահության և վարչապետության տարիներին): Ուսումնասիրեցինք որոշ թվային պատկերներ, դիտեցինք նաև այդ ժամանակների տեսանյութեր համացանցից, որոնք կտեղադրենք ստորև:
Այսպես, մինչ Ռոբերտ Քոչարյանի ` ՀՀ Վարչապետի պաշտոնում նշանակվելը , պետական բյուջեն աղետի գոտու նկատմամբ խորը անտարբերություն էր ցուցաբերում. Աղետի գոտու վերականգման համար հատկացվող և նախատեսված տողի դիմաց միշտ եղել է 0 դրամ «մեծությունը»:
Իսկ 1998-2007 թվականներին Շիրակի մարզում գործարկվել է 458.000 ք/մ բնակելի շենք: Այդ թվում՝ միայն «բնակարանաշինություն» ծրագրով, որը աղետի գոտու վերականգնման ծրագրերից միայն մեկն էր, Գյումրիում հանձնվել է 85 բազմաբնակարան շենք՝ 2095 բնակարանով:
Այդ տարիներին պետական բյուջեի աջակցությամբ գործարկվել է բնակարաների գնման ծրագիրը (այսպես կոչված ԲԳՎ-ները), որի շնորհիվ հարյուրավոր գյումրեցի ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ: Գյումրիում սկսեցին վերագործարկվել արտադրություններ, բացվել նոր աշխատատեղեր, սկսեց զարգանալ մանր և միջին ձեռնարկատիրությունը:
1998-2006 Շիրակի մարզում գործարկվել են մի շարք հանրակրթական հաստատություներ` ընդհանուր 13101 աշակերի համար, վերականգնվել են հանրակրթական հաստատություններ՝ շուրջ 4000 աշակերտի համար:
Բնական է, որ միայն պետական բյուջեն ին զորու չէր աղետի գոտի վերականգնել, ուստի երկրի ղեկավարության ջանքերի շնորհիվ մի շարք բարեգործական խոշոր ընկերություններ միացել են աշխատանքին՝ նպաստելով նոր շենքերի ի հայտ գալուն:
Պետական ֆինանսավորմամբ և աջակցությամբ վերանորոգվել են մշակութային հիմնարկներ, Շիրակի մարզում ընդհանրապես և Գյումրիում՝ մասնավորապես, կատարվել է ճանապարհաշինական և այլ ենթակառուցվածքների զարգացման մեծածավալ աշխատանք: Լուսավորվել և բարեկարգվել են Գյումրու բազմաթիվ թաղամասեր, բարեկարգվել պուրակներ և այլ: Ահա այսպիսի պատկեր ստացվեց:
Անգործունյա ավագանին կարող է ինչ-որ բան անելու համար օրակարգ բստրել նախագծեր, որոնցով մեկին կոչում կտա, մյուսին կզրկի կոչումից՝ կախված ժամանակի քաղաքական կամ քաղաքի ղեկավարման տրամաբանությունից: Բայց դրանից, վստահաբար, կառուցածը չի վերանում, ու չի բացառվում, որ հենց նշված կառույցներում էլ բնակվում են այդ ավագանու անդամները:
Հարցն այն չէ՝ ովքե՞ր են ավագանու այդ անդամնեը և ինչ են իրենցից ներկայացնում, հարցն այն է, թե ինչ են թողնում իրենցից հետո: Ավագանու աշխատանքն էլ ունի ժամկետ, ինչպես նախագահինը. շուտով Գյումրու ավագանին կավարտի աշխատանքը, ինչպես աշխատանքն ավարտել է Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը հետագիծ թողեց ցուցանիշներ, որոնք 10 տարի անց դեռ չեն շրջանցվել: Իսկ ի՞նչ է թողնում իր հետևից ավագանու յուրաքանչյուր անդամ, ի՞նչ օգուտ է տվել Գյումրուն՝ կոչումի տրամադրում կամ զրկո՞ւմ:
Սրա շուրջ մտածելակերպն առավել տրամաբանական կլինի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը