ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձան հաշմանդամության կարգերի շնորհմանը:
Թանդիլյանը նշեց, որ այստեղ խորքային խնդիրներ կան, և մարդկային գործոնի ու չափորոշիչների սուբյեկտիվիզմը բերել է կոռուպցիոն լրջագույն սխամաների:
«Մենք համակարծիք ենք, որ համակարգն ամբողջությամբ վերանայման կարիք ունի, և այն պետք է բարեփոխվի ինչքան շուտ, այնքան՝ լավ: Մենք ահազանգ էինք ստացել զինվորական պատճառական կապ ունեցող հաշմանդամության կարգերի հետ կապված խնդիր էր առաջացել, և ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ այս օրերին հանձնարարական է եղել հսկողական փորձաքննություն իրականացնել 166 գործով: 80 գործի մասով արդեն իսկ կատարվել է փորձաքննություն և 55-ի մասով կայացվել է կարգի փոփոխման որոշում»,-ասաց Թանդիլյանը:
Նա նշեց նաև, որ կան հարուցված տարբեր քրեական գործեր՝ որոշում է կայացվել փորձաքննությունը դադարեցնել, իսկ 55-ի մասով՝ վերանայել որոշումները:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ իրենք հազարավոր նամակներ են ստանում՝ կարգերի շնորհման պրոցեսների մեջ խախտումների ահազանգով: Թորոսյանը նաև նշեց, որ կա նաև մեդալի երկրորդ կողմը՝ կան մարդիկ, որ իրենք են խախտումների դիմում՝ այս կամ այն կարգը ստանալու համար»:
Թորոսյանի խոսքով՝ այս համակարգում փոփոխությունները պետք է լինեն խորքային, քանի որ այն փաստացի իրեն սպառած համակարգ է:
Բացի այդ, Առողջապահության նախարարը խոսեց նաև ոլորտում կոռուպցիոն այլ դեպքերի մասին:
«Կոռուպցիան այնքան համակարգային էր, որ մենք՝ նախարարներս, հիմա որպես քննիչներ ենք աշխատում, փորփրում ենք, պարզում, ստուգում, առայժմ բովանդակային աշխատանքով չենք զբաղվում»,- ասաց նա:
Նա նշեց, որ իր նշանակման առաջին իսկ օրերին արդեն հայտնել է առողջապահության ոլորտում կոռուպցիայի մի քանի դեպքերի մասին, մասնավորապես՝ պետական բյուջեից մի քանի առողջարանների ուռճացված ֆինանսավորման մասին: Հիշեցնենք, որ դրանցից մեկը պատկանում է ԱԺ նախկին խոսնակ Գալուստ Սահակյանի և առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի կանանց:
Արսեն Թորոսյանը նշեց, որ այս ոլորտում մյուս կոռուպցիոներների անունները կհրապարակվեն այն ժամանակ, երբ կլինեն կոռուպցիայի ակտն ապացուցող փաստաթղթեր: Նրա խոսքով՝ սպասվում են ոչ միայն կադրային փոփոխություններ, այլև քրեական գործեր, եթե դրանց համար հիմքեր լինեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը