ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամաբ նախատեսվել է հանրապետությունում ներդնել տարեցներին մատուցվող ծառայությունների նոր մոդել՝ համայնքային խնամքի փոքր տներ կազմակերպելու միջոցով: Այդ կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշմամբ հատկացված միջոցների շրջանակներում նախարարությունը Գեղակերտ համայնքի Մ.Խորենացի փողոցի թիվ 25 հասցեում գնել է առանձնատուն: Վերոնշյալ առանձնատունը անհրաժեշտ է վերակառուցել, որպես համայնքային փոքր տուն։
ՀՀ տարածքում գործում են տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք տրամադրող մեկ տասնյակ պետական և մասնավոր կազմակերպություններ, որտեղ բնակվում և խնամքի ծառայություններ են ստանում ընդհանուր առմամբ շուրջ 1350 շահառու։ Գեղակերտ համայնքի փոքր տանը բնակեցվելու են շուրջ 12-16 շահառու: Համայնքահենք փոքր տունը կունենա ընտանեկանին մոտ միջավայր, որտեղ շահառուներն ապահովված կլինեն անհրաժեշտ բոլոր պայմաններով և պարագաներով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նիդերլանդական «Avondglans» հիմնադրամի միջև 2019 թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված նվիրաբերության մասին պայմանագրով Համայնքային փոքր տան կառուցման և կահավորման աշխատանքների իրականացման նպատակով նախարարությանը տրամադրվել է 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյի չափով ֆինանսական միջոցներ:
Գեղակերտ համայնքի Մ.Խորենացի փողոցի թիվ 25 հասցեում գնված առանձնատան վերանորոգման նպատակով 27.01.2022 թվականին «գնանշման հարցում» գնման ընթացակարգով հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Խլղաթյան Շին» ՍՊԸ-ն։ Կազմակերպության հետ 21.03.2022 թվականին կնքվել է պայմանագիրը՝ ընդամենը 44,280,000 դրամի չափով։ Մինչև 2022 թվականի տարեվերջ կազմակերպությունը ներկայացրել է կատարողական փաստաթղթեր 11,160,045 դրամի չափով։ «Խլղաթյան Շին» ՍՊԸ-ի կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար, հիմք ընդունելով պայմանագրի 3.1.4 կետը, նախարարությունը միակողմանի լուծել է պայմանագիրը՝ կազմակերպության նկատմամբ կիրառելով տուգանք՝ 221.400 դրամի չափով։ Փաստացի 2022 թվականին Գեղակերտ համայնքի առանձնատան վերանորոգման աշխատանքների զգալի մասը չի իրականացվել։
Առանձնատան վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով 12.05.2023 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա հայտարարվել է «Գնանշման հարցում» գնման ընթացակարգ։ Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «ՕՄԵԳԱ ՇԻՆ» ՍՊԸ-ն, որի հետ 13.06.2023 թ-ին կնքվել է պայմանագիրը՝ 41,700,000 դրամ ընդհանուր գումարով։
Այսպիսով սույն որոշման նախագծով նախատեսվում է ֆինանսավորել ձեռք բերված փոքր տան հիմնանորոգման աշխատանքները, տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության ծառայությունները, ընդամենը 42,700,800 դրամի չափով 1141 ծրագրի «11007. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր խնամքի տրամադրման ծառայություններ» միջոցառման տնտեսումների հաշվին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը