ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Սասունը 24/7 ռեժիմով հովիվ էր սարերում։ Լողանում էր առվի ջրերում, ուտում էր ինչ պատահի։ Մի օր Սասունի հայրը մահացավ, Սասունին կտակելով իրենց խարխուլ տունը։ Ու սկսվեց Սասունի ոդիսականը։ Մի տարի քարշ տվեցին դատարաններով՝ թե հորդ անվան մի տառը մահվան վկայականում սխալ է գրված։ Մի հանրային պաշտպան էլ կցել են Սասունին, ով ավելի շուտ դատական կատարածու է, քան Սասունի պաշտպան։ Մի խոսքով, երբ մի տարի հետո Սասունը , հոգնած աշխարհից,այլայլված դիմում է ինձ, զայրացած զանգում եմ ԶԱԳՍ-ի աշխատակցին, պահանջելով շտապ ուղղել սխալը, Սասունի խնդիրը լուծվում է։ Սասունն ապշահար նայում էր երկնքին՝ չհասկանալով, թե եթե այդպիսի լուծում կար, ապա ինչու՞ էին իրեն տարուց ավելի տանջում։ Այս առիթով դիմում եմ մեր նորաթուխ պաշտոնյաներին, պարեկներին, իրավապահներին.
Ձեր աշխատանքի ընթացքում բազմաթիվ են հանդիպում քաղաքացիներ, որոնք չգիտեն օրենքները,կրթված չեն, սակայն նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, նրանց շնորհիվ եք դուք և մենք պաշտոններ զբաղեցնում։ Երբե՛ք մի մոռացեք և մի արհամարհեք նրանց, այլ ընդհակառակը՝ օգնեք նրանց բոլոր հարցերում, մի՛ ծուլացեք, համբերատար եղեք նրանց հետ։ Հիշե՛ք՝ նրանց շնորհիվ դուք աշխատանք ունեք, իսկ նրանց մի մասն անգործ է, անարդարություններից հոգնած եկել են ձեր դուռը վերջին հույսով։ Լավ վերաբերվեք մեր քույրերին և եղբայրներին, ոչինչ հավերժ չէ։ Հարգելի պարեկ, երիտասարդների մեջ հասակակցիդ տես, փորձի՛ր օգնել նրան, ոչ թե միայն տուգանել, այլ նաև հարգել, ներել։ Հարգելի քննիչ, դատախազ,դատավոր,արդար դատեք, թացը չորից զատեք, թույլին, անզորին տեր կանգնեք։ Սա է հզոր երկիր ունենալու դժվարին ընթացքը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը