15 03 2022

Մարուքյանը Փաշինյանին ու իրեն «հոգնած անբարոյականի վաստակ» անվանած ՔՊ-ին հավատարմության երդում տվեց․ Նաիրի Հոխիկյան

Մարուքյանը Փաշինյանին ու իրեն «հոգնած անբարոյականի վաստակ» անվանած ՔՊ-ին հավատարմության երդում տվեց․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Առնվազն 3,5 տարի ամենատարբեր մարդիկ ինձ համոզում էին, որ Էդմոն Մարուքյանը գրպանային ընդդիմություն է խաղում Նիկոլ Փաշինյանի համար։ Ես համառորեն հակաճառում էի, թե Մարուքյանը այլ արժեքային համակարգ ունեցող անձ է։ Համառ պայքար է տարել ՀՀԿ-ի ժամանակվա օլիգարխիայի դեմ։ Երևի։

Ավելի վաղ ինձ համոզում էին, թե Էդմոն Մարուքյանի ֆինանսական հովանավորը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է, իսկ տեղեկատվական հովանավորը՝ Արման Բաբաջանյանն իր կայքով։ Ես էլի հակաճառում էի, թե Մարուքյանը ազնիվ մարդու տպավորություն է թողնում և դժվար թե մութ գործարքների մեջ լինի։ Երևի։

2021-ի հունվարին երբ Էդմոն Մարուքյանը ինձ հրավիրում էր հանդիպման ու բաց տեքստով պատմում Փաշինյանի կերպարի մասին մանրամասներ՝ խորհուրդ հարցնելով տեղեկատվական դաշտում իր կերպարի ձևավորման մասին, ես կարծում էի, թե այդ մարդը լուրջ ծրագրեր ունի ոչ թե անձնական ամբիցիաների, այլ պետության առումով։ Երևի։

Այն Էդմոն Մարուքյանը, ով Փաշինյանին ու ՔՊ-ին բազմիցս հրապարակային մեղադրեց ամենաստոր հանցանքների մեջ,
Այն Էդմոն Մարուքյանը, ով Փաշինյանին ու ՔՊ-ին բազմիցս հրապարակային անվանեց 44-օրյա պատերազմի մեղավոր ու պատասխանատու,
Այն Էդմոն Մարուքյանը, ով Փաշինյանին ու ՔՊ-ին հրապարակային մեղադրելու համար ծեծ կերավ Սասուն Միքայելյանի կողմից,
Այն Էդմոն Մարուքյանը, ում ԱԺ-ում աջից ու ձախից հարվածում էին ՔՊ-ի պատգամավորները և ամենախորը սեռական հայհոյանքներ հնչեցնում,
Այն Էդմոն Մարուքյանը, ով ԱԺ-ում «հոգնած անբարոյականի վաստակ» անվանեց Ալեն Սիմոնյանին՝ ստանալով նույնպիսի պատասխան։

Ու ամեն անգամ, երբ Էդմոն Մարուքյանը պատմում էր Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի մասին՝ որպես չկայացած ու անգրագետ մարդկանց խումբ, ես կարծում էի, թե Մարուքյանը նոր քաղաքական մշակույթ է փորձում բերել։

Միամիտ մարդ։ Հաճախ ինձ այդպես էր դիմում հայ դիվանագիտության լուսահոգի գրոսմայստեր Արման Նավասարդյանը։
Այսօր Էդմոն Մարուքյանը «պետականությանը ծառայելու» վեհ գաղափարի անվան տակ Փաշինյանին ու իրեն «հոգնած անբարոյականի վաստակ» անվանած, ծեծած ու ստորացրած ՔՊ-ին պաշտոնապես հավատարմության երդում տվեց՝ դառնալով դեսպան, այն էլ հատուկ հանձնարարություններով։

Իսկական դեսպան Արման Նավասարդյանին 2021-ի մարտ ամսին ՀՀ ԱԳ այն ժամանակվա նախարար Արա Այվազյանն առաջարկել էր Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոն։ Որպես Նավասարդյանի մտերիմ՝ ես լավ գիտեի, որ այդ պաշտոնը Արման Նավասարդյանի կյանքի երազանքն էր։ Նավասարդյանին ինձնից շատ ավելի մոտ ճանաչող Անի Սամսոնյանը կփաստի։ Նավասարդյանը մերժել էր։ Երբ հարցրի պատճառը, ասաց․ «Ես Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ չունեմ անցնելու։ Ես հրապարակային հայտարարել եմ, որ նա թշնամու հետ գործարքի է գնացել։ Ես Փաշինյանին բազմիցս խիստ քննադատության եմ ենթարկել։ Ես եթե այդքանից հետո ընդունեմ դեսպանի պաշտոնի առաջարկն ու Փաշինյանի հետ գործարքի գնամ, առնվազն մարմնավաճառ կլինեմ։ Ես մարմնավաճառ չեմ․․․»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ