15 03 2022

ՀՀ կառավարության հաղորդագրությունից բացակայում է Կրեմլին քննադատելու տողը. mediamax.am  

ՀՀ կառավարության հաղորդագրությունից բացակայում է Կրեմլին քննադատելու տողը. mediamax.am   

Mediamax.am-ը ներկայացնում է մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույց, որի մասին ՀՀ կառավարության հաղորդագրությունը տարբերվում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունից:

ՀՀ կառավարության մամուլի ծառայություն.

«Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին եւ կարեւորել ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին հետեւողական աջակցություն ցուցաբերելու համար  եւ ընդգծել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության բացարձակ առաջնահերթությունն է եւ մեր երկիրը հաստատակամորեն շարունակելու է շարժվել այդ ուղղությամբ:   

Նիկոլ Փաշինյանը եւ Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին եւ լարվածության աճին:

Կողմերը կարեւորել են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը:  

ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող երկխոսության շուրջ:  

Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին»:

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայություն.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-Հայաստան երկկողմ գործընկերության շարունակական կարեւորությունը եւ ԱՄՆ հանձնառությունը՝ աջակցել Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագային: Նշելով հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ սրման մասին վերջին հաղորդագրությունները՝ պետքարտուղարը կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել եւ ակտիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ բոլոր առկա խնդիրների համապարփակ լուծումներ գտնելու համար:

Պետքարտուղարը հորդորել է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը, այլ գործընկերների հետ միասին, շարունակելու Մոսկվային եւ նրա կողմնակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին, պատասխանատվության կանչել Ուկրաինայի դեմ Կրեմլի չհրահրված եւ չարդարացված պատերազմի համար»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ