11 03 2022

Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա իրավունք չունի անտեսել անվտանգության հարցերը․ Արման Թաթոյան

Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա իրավունք չունի անտեսել անվտանգության հարցերը․ Արման Թաթոյան

Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա՝ լինի Կառավարությունից, Ազգային ժողովից, թե Հանրապետության նախագահ, իրավունք չունի անտեսել անվտանգության հարցերը ու այդ կերպ թմրեցնել մեր ժողովրդի զգոնությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ  մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Թաթոյանը գրում է․«Առանց այդ էլ որքան խնդիրներ եք առաջացրել ձեր անպատասխանատու հայտարարություններով՝ «Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետերն Ադրբեջանի անելիքն են», «Սյունիքն անվտանգ է», այլընտրանքային ճանապարհների գովք ու ադրբեջանական իշխանությունների առաջացրած խնդիրներու քողարկում և այլն: Երեկ էլ նոր «հանգստացնող» արտահայտություն է հայտնվել` «հետո ինչ, որ Ադրբերջանը կրակում է»:

Քաղաքական շահերի համար արված ձեր այդ հայտարարություններով ավելի եք խաթարել մեր անվտանգությունն ու նպաստել մեր ժողովրդի կենսական իրավունքները ոտնահարելուն՝ լեգիտիմացնելով ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը մեր գյուղերի հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին:

Ինչպե՞ս կարող ես պաշտոնական հայտարարություններով սեփական ժողովրդիդ ու երկրիդ անվտանգության հաշվին զիջել իրավազորությունդ ու այն էլ դա անել այնպիսի պետության նկատմամբ, որը հետևողականորեն իրականացնում է ժողովրդիդ բնաջնջելու ու երկիրդ ավերելու քաղաքականություն:

Պարզ չէ՞, որ ադրբեջանական իշխանությունները շարունակելու էին իրենց ցեղասպան քաղաքականությունը, ու մեզ մեր անվտանգության համար պետք են հստակ երաշխիքներ:

Հայաստանում ու Արցախում ադրբեջանական հանցավոր ոտնձգությունները բնույթով նույնն են, քանի որ դրանց հիմքը, աղբյուրն է նույնը՝ մեր նկատմամբ ատելությունն էթնիկ ու կրոնական հիմքերով: 

Սա Ադրբեջանում տարիներով կենսագործվող քաղաքականություն է գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ու այլ բնագավառներում և իշխանության գոյության աղբյուր, իշխանությունը պահպանելու ներքին ու արտաքին օգտագործման քաղաքական գործիք: 

Այս օրերին Արցախը գազից զրկելը, Խրամորթի, Նախիջևանիկի, Կարմիր Շուկայի և մյուս գյուղերի ուղղությամբ կրակոցները, հոգեբանական տեռորը հենց այդ տրամաբանության մեջ է:

Պարզ չէ՞, որ ադրբեջանական իշխանությունները չունեն խաղաղության իրական մտադրություններ. դա արտաքին աշխարհի համար կեղծ շղարշ է: Այս պահմաններում ի՞նչ միակողմանի խաղաղության մասին է խոսքը:

Արժանապատվությանդ, իրավունքներիդ ու Հայրենիքիդ հաշվին խաղաղությունն իրական չի լինում:

Իսկ մեր ժողովուրդը որևէ այլ ժողովրդի նկատմամբ երբեք թշնամանքով լցված չի ապրել. այս հարցի շահարկումը պետք է դադարեցվի: Բայց սա չի նշանակում, որ պետք է մոռանալ իրավունքներիդ պաշտպանության ու սեփական Հայրենիքիդ անվտանգության մասին: 

Ուստի, մենք պետք է ճիշտ հասկանանք` որտեղի՞ց սկսենք, ի՞նչ թիրախներ ընտրենք ու ի՞նչ քայլեր ձեռնարկենք, որ կարողանանք ապահովել մեր երկրի ու ժողովրդի համար անվտանգության սեփական ու ամուր երաշխիքներ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից:

Այս գնահատականները հիմնված են կոնկրետ փաստերի, օբյեկտիվ ապացույցների վրա, իմ այն բոլոր զեկույցների վրա, որ տարիների աշխատանքով ենք արձանագրել (օրինակներ)`

1. https://ombuds.am/images/files/3101f60c869b0f378dbc737b002e5054.pdf

2. https://ombuds.am/.../4f4d3319548889e2900530457ae24bad.pdf

3. https://ombuds.am/.../2032f021fe81176414a649d588ad0e86.pdf»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ