7or.am-ը գրում է․ 2008թ․ մարտի 1–ին կանխվեց այն, ինչը 2018–ի գարնանը կանխել չհաջողվեց։
2008–ին իշխանությունն ուզում էին վերցնել նրանք, ովքեր դեռևս 90–ականների սկզբից կողմ էին Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելուն։ Այդ մոտեցումը հետագայում տարբեր փաթեթավորումներ ստացավ, բայց էությունը չփոխվեց։
2008–ին Նիկոլ Փաշինյանը «Լևո՛ն, Լևո՛ն» էր գոռում, որ հետո՝ 2008–ի մարտի 1–ին անկարգություններ հրահի ու գոռա «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։
Նիկոլը 2008–ին բախումներ սարքեց, 10 զոհի և մոտ 200 վիրավորի (որոնց ճնշող մասը ոստիկաններ էին) պատճառ դարձավ ու հենց տեսավ, որ իշխանությունը վերցնել չի հաջողվում, ծլկեց դեպքի վայրից։ Հետո Նիկոլը Փաշինյանը դուրս եկավ ընդհատակից, մի պահ նստեց բանտում, իշխանության հետ տերպետրոսյանական ՀԱԿ–ի գործարքի արդյունքում հայտնվեց ազատության մեջ։
Բանտից հետո Նիկոլը երկու անգամ դարձավ պատգամավոր։ Առաջին անգամ ՀԱԿ–ի ցուցակով, երկրորդ անգամ՝ իշխանական հաճախորդ Էդմոն Մարուքյանի գլխավորած «Ելք» դաշինքի ցուցակով։
Նիկոլը եկավ իշխանության ու պատերազմ բերեց մեր երկրի գլխին։ Պատերազմ ու պարտություն։ Գիտակցաբա՞ր այս ամենն արեց, թե՞ որպես բութ գործիք օգտագործվեց մեր թշնամիների կողմից, արդեն էական չէ, քանզի ողբերգական արդյունքները միևնույն է մնացել են բոլորիս վրա։
Նիկոլը՝ ղազախական «մարտի 1»–ի զորավար
Նիկոլը 2008–ի մարտի 1–ը շահարկում էր ընդդիմություն աշխատելու տարիներին։ Նա կոկորդիլոսի արցունքներ էր թափում զոհերի համար, շահագործում նրանց հարազատներին ու գործարքի առաջարկ անում նրանցից ոմանց։
Իշխանության գալուց հետո էլ Նիկոլը կրկին շահարկեց մարտի 1–ը։ Պետբյուջեի հաշվին նա կաշառեց զոհերի հարազատներից ոմանց ու սկսեց նրանց օգտագործել քաղաքական ընդդիմախոսների դեմ։
Դատաիրավական համակարգը նույնպես Նիկոլն օգտագործեց՝ «Մարտի 1»–ի գործը քաղաքական հետապնդումների առարկա դարձնելու համար։ Ու թեև ՍԴ–ն հակասահմանադրական է ճանաչել 300.1 հոդվածը, որով «Մարտի 1»–ի համար Նիկոլը մեղադրում է Ռ․Քոչարյանին ու մյուսներին, բայց Նիկոլն այդուհանդերձ շարունակում է ապօրինություններն ու քաղաքական մանիպուլյացիան։
Ճակատագրի հեգնանքն այն է, որ «Մարտի 1»–ի շահարկումով քաղաքականությամբ զբաղված մարդը վարչապետի կարգավիճակով ՀԱՊԿ–ի շրջանակներում Ղազախստան զորք էր ուղարկել ․․․ ղազախական «Մարտի 1»–ը ճնշելու, ղազախական փողոցայինների կողմից իշխանափոխություն թույլ չտալու, խանութների թալանը կանխելու համար։
Ղազախստան զորք ուղարկելով ու «ժողովրդի» դեմ բանակն օգտագործելով՝ Նիկոլն ընդունեց, որ ինքը հանցագործությամբ է զբաղվել 2008–ի մարտի 1–ին և այն օրերի ՀՀ իշխանությունները ճիշտ էին։
Փաստորեն, երբ 2018–ի ամռանը Նիկոլը հայկական «Ագոռայում» հայտարարում էր, թե, իբր, ինքը «Մարտի 1»–ը բացահայտել է, ինքն իրեն նկատի ուներ։ Ու դժվար է այդ հարցում նրա հետ չհամաձայնելը։
Նախորդ իշխանությունների մեղքը «Մարտի 1»–ի հարցով այն է, որ ամբողջությամբ չբացահայտվեցին հանցագործությունները, չտրվեցին դրանց կազմակերպիչների իրավաքաղաքական գնահատականները ու դեռ մի բան էլ հաճախորդացրեցին «Մարտի 1»–ի գլխավոր դերակատարին։ Մինչդեռ պետք էր ամբողջական բացահայտումներ անել, որից հետո պարզորոշ կերևար նաև այս ամենի թուրքական հետքը։
2018–ի իշխանափոխության գլխավոր շահառուն դարձավ Թուրքիան, զոհերը՝ Արցախը, Հայաստանն ու հազարավոր նահատակները։
Թուրքերը երկար էին սպասել 2018–ի գարնան գալուստին։ 2008–ի մարտի 1–ից սկսած։ Ավելի ճիշտ՝ 1998–ից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը