25 02 2022

Արման Թաթոյանը հրաժեշտ է տվել աշխատակիցներին

Արման Թաթոյանը հրաժեշտ է տվել աշխատակիցներին

Երեկ ուշ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատողների հետ հրաժեշտի հանդիպում էր։

Մեծ ուրախությամբ Արման Թաթոյանն ընդունել է աշխատողների մակագրություններով իր համար պատրաստված երախտագիրն ու հուշամեդալը։
Նա իր երախտագիտությունն է հայտնել աշխատողներին նվիրված աշխատանքի և հայրենասեր լինելու համար: Բոլորին մաղթել է հաջողություններ աշխատանքում և հորդորել է նույն պատասխանատվությամբ շարունակել առաքելությունը։

«Միասին անցել ենք 2016-ի ապրիլյան պատերազմն ու 2020-ի 44-օրյա պատերազմը, եղել ենք սահմանային գրեթե բոլոր գյուղերում ու ոչ միայն, քարտեզի վրա ադրբեջանական տեղակայումներն ամրագրելու համար բառի բուն իմաստով արել ենք քար առ քար, ծառ առ ծառ ուսումնասիրություն, եղել է՝ այդ այցերի ընթացքում հայտնվել ենք ադրբեջանական նշանառության ներքո, բայց մեկ է` ավարտին ենք հասցրել մեր գործը:


Ազնիվ ենք եղել միմյանց նկատմամբ ու եղել ենք իրար թիկունք: Իրար օգնելով ենք աշխատել ու չենք ընկրկել:

Ավելի ենք միավորվել դժվարություններից ու շարժվել ենք միայն առաջ:


Բոլորս էլ քաջ գիտակցել ենք, որ սա ոչ թե զուտ աշխատանք է, այլ Հայրենիքի համար առաքելություն, որ պետք է իրականացնել պատասխանատվությամբ՝ առանց սահմանափակումների։

Անհնար է հաշվել, թե քանի անքուն գիշեր ենք անցկացրել հրատապ այցերի վայրերում կամ աշխատակազմում աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով:

Աշխատակազմ, որը եղել է բոլոր կարևոր ձեռքբերումների շարժիչ ուժը, որի հետ անցել ենք դժվար գործի ճանապարհ` 24/7 աշխատանքով։


Աշխատակազմը դարձել էր մի մեծ ու համերաշխ ընտանիք՝ իրար օգնելու և խնդիրները միասին լուծելու պատրաստակամությամբ», - նշել է Արման Թաթոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ