zham.am-ը գրում է․
Երբ 2013-14 թվականներին Ուկրաինայում տեղի ունեցավ գունավոր հեղափոխությունը, այդ երկրի ժողովուրդը համոզված էր, որ մոտ ապագայում Ուկրաինան «կդառնա Եվրոպա», իսկ մարդկանց կենսամակարդակը կկրկնապատկվի: Իսկ ռուսական վտանգի առաջ, Արևմուտքն իր թիկունքով կաջակցի դեպի Եվրոպա ձգտող ուկրաինացիներին:
2014-ից ութ տարի անց արձանագրենք իրականության հետևյալ պատկերը.
- Մարդկանց կենսամակարդակն այդ ութ տարվա ընթացքում ոչ միայն չավելացավ, այլ կրճատվեց մոտ 10 տոկոսով: 2013-ին ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմում էր՝ 4030 դոլար, այսօր այն 3700 դոլարի է հավասար:
- 2013-ին այդ երկրի ՀՆԱ-ն կազմում էր՝ 183 մլրդ դոլար, այսօր այն կազմում է 155 մլրդ դոլար, այսինքն այն ոչ միայն չի ավելացել, այլև կրճատվել է մոտ 20 տոկոսով:
- Արտաքին պարտքը 2013-ին կազմում էր մոտ 73 մլրդ դոլար, այսօր այն կազմում է մոտ 85 մլրդ դոլար: Այսինքն, այսպես կոչված, «մայդանյան» հեղափոխությունից հետո այդ երկրի գրեթե բոլոր ցուցանիշները հետընթաց են արձանգրել:
Պարզ է, որ այս ամենից հետո ուկրաինական հասարակությունն իր համար ոչ մի էական առաջընթաց չի արձանագրել: Գրեթե միակ դրական քայլը, որ տեսել են մարդիկ Ուկրաինայում դա ազատ տեղաշարժի ազատականացումն էր: Այսօր, ուկրաինացիների զգալի մասն արդեն աշխատում է Արևմուտքում, ոչ թե Ռուսաստանում:
Թվում էր, թե այս ամենից հետո ուկրաինացիները գոնե անվտանգության տեսանկյունից պիտի արևմտյան աջակցությունը զգային: Սակայն ապարդյուն, ռուսական ներխուժման վտանգի առաջ ամերիկացիներն ու եվրոպացիներն իրենց դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին են հանում երկրից: Այսպիսի խայտառակ պատկեր ուկրաինացիները չէին պատկերացնի:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրում է օգնություն ամերիկացիներից, իսկ վերջիններս պատրաստակամություն են հայտնում իր համար տրամադրել ապահով անվտանգություն... Ուկրաինայի տարածքից դուրս: Սա ոչ միայն ցինիզմի ծայրահեղ դրսևորում է, այլև ծաղրանք այդ ժողովուրդի հանդեպ:
Նույն գործելաոճը Արևմուտքը ցույց տվեց 2008-ին Վրաստանի նկատմամբ, իսկ հարյուր տարի առաջ Արևմուտքի փարիսեական դրսևորմանը ականատես եղան հայերը, երբ 1920-ին Արևմուտքը կնքեց Սևրի պայմանագիրը, իսկ երեք տարի անց այն փոխարինեց Լոզանով, որտեղ հայկական հարցը ամբողջությամբ դուրս էր թողնվել:
Արևմուտքի այս գործելաոճը հուշում է ընդամենը մեկ բանի մասին, նրանք երբեք իրենց ապահովությունը չեն զոհաբերի հանուն հայերի, վրացիների կամ ուկրաինացիների:
Նրանց համար կարևորը ոչ այնքան այս ժողովուրդների շահերի պաշտպանության հարցն է, որքան Ռուսաստանին թուլացնելը, նրա աշխարհաքաղաքական դիրքերի նվազեցումը: Այլ խնդիր Արևմուտքը չի հետապնդում:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը