Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելել են Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ծանոթացել են «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված նմուշներին:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ: Մեկտեղվել են Արտաշատ հնավայրի տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված այն գտածոները, որոնք լավագույնս են ներկայացնում հուշարձանի մի քանի հազարամյակ ընդգրկող պատմությունը։
Ցուցադրվում են կնքադրոշմներ, արձանիկներ, գունազարդ խեցեղեն, դրամներ, սափորներ և կարասներ, ռիտոններ, զարդեր և այլ ուշագրավ ցուցանմուշներ, որոնց զգալի մասն առաջին անգամ է ներկայացվելու: Ցուցադրության նպատակն է բացահայտել հին աշխարհի այս կարևոր կենտրոնի դերը միջազգային, քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններում:
2021 թվականի նոյեմբերից «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ՝ կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը