16 02 2022

Բռնազավթած տարածքների մասին օրինագիծն ընդունվեց Արցախի ԱԺ-ի կողմից

Բռնազավթած տարածքների մասին օրինագիծն ընդունվեց Արցախի ԱԺ-ի կողմից

«Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն իր այսօրվա՝ փետրվարի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծով սահմանվում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի,  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։

Նախագիծը փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայությունում և առաջարկվել է նախագծի ընդունման առնչությամբ փոփոխություններ կատարել Ընտրական և Քաղաքացիական օրենսգրքերում, « Տեղական հանրաքվեի մասին» օրենքում:

Նախագծում նշվում է, որ բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը և տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Բռնազավթված տարածքներում տնտեսական ցանկացած գործունեություն, ներառյալ լիցենզիա, թույլտվություն, գրանցում պահանջող գործունեություն և ցանկացած շինարարություն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ իրականացված տնտեսական ցանկացած գործունեության արդյունքում ստացված եկամուտները, գույքը և միջոցները, ինչպես նաև շինարարության արդյունքում կառուցված շինությունները հանդիսանում են անօրինական ճանապարհով ստացված և առաջացնում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ