ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել երիտասարդներին:
«Շատ աշխատեք, ավելի շատ սովորեք, երիտասարդ եղեք ձեր ամբողջ կյանքի ընթացքում: Երիտասարդ լինել նշանակում է ամեն օր նոր բան սովորել: Կարող ես 90 տարեկան լինել, սակայն եթե ամեն օր խանդավառությամբ նոր բան ես սովորում, ապա երիտասարդ ես: Կարող ես լինել 20 տարեկան, սակայն եթե հետաքրքրություն չցուցաբերես քո շուրջը կատարվողի նկատմամբ, պատրաստ չլինես սովորել, ապա երիտասարդ չես լինի:
Մշտապես մնացեք երիտասարդ: Ամեն օր նոր բան սովորեք և եղեք ազատ: Երբեք ամեն ինչ մի ընդունեք այնպես, ինչպես կա, մշտապես հարցեր տվեք և գտեք ձեր պատասխանները: Միշտ հիշեք, որ թեև բոլոր լուծումները տեխնոլոգիաների, գիտության միջոցով են, սակայն հիմնական գործիքն ուղեղն է:
Ինչպե՞ս ստացվեց, որ ավելի քան 100 տարի առաջ հանճարեղ գիտնականները կարողացան լուծել տարրական մասնիկների վարքագծի հետ կապված խնդիրները: Սկզբում բոլորը շփոթված էին: Նյուտոնի տեսությունը չէր աշխատում էլեկտրոնների և պրոտոնների դեպքում: Այն լուծելու համար նրանք նույն խնդիրը դիտարկեցին բոլորովին այլ տեսանկյունից, փոխեցին իրենց դատողությունը, տրամաբանությունը և մոտեցումները: Երբեմն դուք պետք է փոխեք ձեր դատողությունը, տրամաբանության սկզբունքները, և այդ դեպքում հնարավոր է ինչ-որ բանի հասնել:
Եղեք ազատ, մի վախեցեք դիմագրավել մարտահրավերներին և փոփոխություններին», - ասված է ուղերձում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը