Ազգային ժողովում քննարկվում է ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի՝ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ «Քրեական դատավարության» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերը։
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ այս նախագծով ապահովում են Բարձրագույն դատական խորհրդի գործունեության հետագա զարգացումը, հստակեցվել է ԲԴԽ որպես դատարան հանդես գալու պարագայում՝ դատական նիստերի իրավազորության հետ կապված չափանիշները, ձայների քանակը, որն անհրաժեշտ է համապատասխան որոշումներ կայացնելու համար։
Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ արձագանքելով նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, ըստ էության, նոր հոդվածներ են առաջարկվել, թեև հիմնական զեկուցողն ասում է՝ հստակեցում, իրականում լրջագույն փոփոխություն է։
«Հատկապես վերջին օրերի զարգացումների շրջանակում՝ դատավորին կալանավորելու թույլտվություն տալու հարցի քննարկման կոնտեքստում, այս փոփոխությունն ավելի է դառնում այժեմական և շատ վիճահարույց»,- ասաց նա։
Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ հիշյալ փոփոխությունն իրականում դատավորների անկախության սկզբունքի ոտնահարմանը կարող է հանգեցնել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը