ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Sputnik Արմենիայի հետ խոսել է երկրի առաջ ծառացած կարևորագույն խնդիրների մասին, ներկայացրել հետագա անելիքներն ու պայքարի ձևերը։
-Պարոն Սաղաթելյան, խմբակցությունում քննարկե՞լ եք հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցության հարցը։ Թեկնածու առաջադրելո՞ւ եք, թե՞ ոչ։
-Թեկնածու առաջադրել-չառաջադրելու մասին վերջնական որոշում չունենք։ Առաջիկա 2 օրվա ընթացքում քննարկում կունենանք նաև ընդդիմադիր մյուս խմբակցության`«Պատիվ ունեմի» հետ։ Նախ կհասկանանք առաջադրելու նպատակահարմարությունը, հետո կքննարկենք թեկնածուի հարցը և վերջնական դիրքորոշում կհայտնենք։
-Ո՞ւմ եք տեսնում հանրապետության նախագահի պաշտոնում։ Կա՞ այնպիսի մեկը, որը կկարողանա հավասարակշել քաղաքական դաշտը` ընդդիմադիր և իշխանական ուժերին։
-Մենք գտնում ենք, որ նախագահի թեկնածուն պետք է լիարժեք կարողանա իրականացնել Սահմանադրությունից բխող իր պարտականությունները, նաև լինի այնպիսի մարդ, որը կունենա մեր հասարակությանը համախմբելու ու պառակտված վիճակից դուրս բերելու և երկրի առջև ծառացած մարտահրավերներին իրական լուծումներ գտնելու հնարավորություններ։
-Նիկոլ Փաշինյանի ասուլիսին հետևե՞լ եք։ Ինչո՞վ էր այն տարբերվում նախորդներից, որո՞նք էին այն հիմնական ուղերձները, որոնք վարչապետը փորձեց մատուցել հասարակությանը։
-Ասուլիսն ամբողջությամբ չեմ հետևել, բայց մի քանի դրվագների ծանոթ եմ։ Գիծը հստակ է` հասարակությանը շարունակում են տրամադրել նոր զիջումների, շարունակում են համոզել, որ այս ամենը վաղուց է որոշվել, և իրենք պատասխանատվության բաժին չունեն այս ամեն ինչում. աբսուրդ է, ծիծաղելի է, արդեն զզվելի, բայց սա է իրականությունը։
Եթե կարճ բնութագրենք` ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը շարունակում է սպասարկել թշնամի երկրի շահերը։ Այլ մեկնաբանություն չեմ կարող տալ իր ասածներին` սկսած նրանից, որ 1992 թվականին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վերջացրած մյուս խայտառակ հիմնավորումներով։
-Այդ ամենը հնարավո՞ր է կանխել, թե՞ ամեն ինչ կարելի է ավարտված համարել։
-Երբեք ամեն ինչ ավարտված չէ։ Երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, գործընթացները դեռ առջևում են, հնարավոր է պայքարել, և նաև մեր պարտականությունն է այս ամենի դեմ պայքարել։ Անհրաժեշտ է ձևավորել համաժողովրդական դիմադրություն այս խայտառակ օրակարգերի դեմ։
- Ի դեպ, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կողմից նոր գործընթացներ սկսելու մասին։ Ի՞նչ գործընթացների մասին է խոսքը, և ի՞նչ եք անելու այս անգամ, որ մինչև հիմա չեք արել։
-Մեր տեսակետը հետևյալն է`պետք է ձևավորվի դիմադրություն Հայաստանի թրքացմանը, Արցախի հայաթափմանը, երկիրը նոր զիջումների տանելու օրակարգին և բոլոր այն ապօրինություններին, որոնք տեղի են ունենում այս իշխանությունների կողմից։ Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում, մասնավորապես`ժողովրդի հետ հանդիպումներ, քննարկումներ, կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում։ Հույս ունենք և ամեն ինչ անելու ենք, որ այդ դիմադրությունը ձևավորվի, որ այդ դիմադրությունը վերաճի համազգային դիմադրության։
-Ինչպե՞ս է դա դրսևորվելու. ավելի վաղ Դուք հայտարարել էիք դիմադրության շարժում սկսելու , փողոցային պայքարի մասին։ Հիմա ի՞նչ բանաձևերով եք խոչընդոտելու գործող իշխանությունների, ինչպես Դուք եք նշում, հակապետական գործողություններին։
-Թե ինչպես է դրսևորվելու Դուք դրան ականատես կլինեք, հիմա դետալների մեջ չմտնեմ։ Երբ այս ամենը գործնական տիրույթում լինի, վստահ եմ` Դուք կտեղեկանաք։ Տարբեր դրսևորումներ է ունենալու` մեծուփոքր ակցիաներից, փողոցային պայքարից կազմված մի ամբողջական գործընթաց պետք է լինի։
-Այս փուլում իշխանափոխության նախադրյալներ կա՞ն։
-Նախադրյալներ, իհարկե, կան։ Փաշինյանի վերջին ասուլիսն արդեն բավարար էր ցանկացած առողջ, նորմալ հասարակությունում, պետությունում իշխանափոխության գործընթաց սկսելու համար։ Սրանից այն կողմ էլ ինչ նախադրյալ լինի։
-Պարոն Սաղաթելյան, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մենք ավելի դժվարին իրավիճակներ ենք ունեցել, որոնց հաղթահարման ճանապարհը, թվում է` իշխանափոխությունն է եղել, սակայն տարատեսակ բողոքի ակցիաների, շարժումների, անգամ ընտրությունների միջոցով չի հաջողվել այդ հարցը լուծել։
-Եթե մինչև հիմա չենք հաջողել, դա չի նշանակում, որ պայքարն ավարտվել է։ Պայքարը դեռ առջևում է, որովհետև մենք չենք հրաժարվել մեր օրակարգից, մենք չենք նահանջել նախկին հայտարարություններից, մենք չենք համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վիժեցնենք իրենց առաջ բերած օրակարգը և հասնենք իշխանափոխության։Թե ինչ կլինի` կախված է հասարակության, ժողովրդի հետ մեր ճիշտ աշխատանքից։
-Հետևություններ արե՞լ եք նախկինում ձախողված փորձերից։
-Հետևություններ միշտ էլ արել ենք, անելու ենք և նորից եմ կրկնում` եթե նախորդ շրջանում չի ստացվել, դա չի նշանակում, որ ապագայում ևս չի ստացվելու։
-Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև սահմանադրական փոփոխություններին և ասաց, որ ամենևին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Այս հայտարարությունն ինչպես կմեկնաբանեք։
-Հերթական անգամ ծաղրում է ժողովրդին և քաղաքական կուսակցություններին։ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը հերթական բլեֆն է, հենց դա էր պատճառը, որ մենք հրաժարվեցինք մաս կազմել այդ խեղկատակությանը և շոուին, որն իրենք նախաձեռնել են։
-Ինչո՞ւ է Փաշինյանը մտափոխվել է։ Գուցե նախագահի հրաժարականով պայմանավորված` իրողություններն այլևս այլ հունով են գնում։
-Ինքը երբեք պատրաստ չէ երկրում որևէ իրական բարեփոխում անելու։ Սա հերթական կեղծ օրակարգն է հասարակությանը զբաղեցնելու, անիմաստ քննարկումներ անելու, բուն և գլխավոր հարցերից մեր ուշադրությունը շեղելու համար։ Նույն հաջողությամբ կարող է 3 օր հետո դուրս գալ և կարևորել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, անգամ հանրաքվեի օր նշանակել, բայց դրանից մեկ օր անց փոշմանի` հակառակն ասի։ Այսինքն` սա հետևողական վարքագիծ է, որն անընդհատ տեղի է ունենում։
Այդ նույն տրամաբանությամբ ինքը հիմնավորեց ջրի կամ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը, այսինքն`օրը մի բան կարող է ասել, հաջորդ օրը դա հերքել և հակառակը հիմնավորել։
-Մամուլը գրում է, որ ՀՅԴ-ն պատրաստվում է կուսակցության ընդհանուր ժողովին։ Ըստ այդ հրապարակումների` ՀՅԴ Գերագույն մարմնի անդամների փոփոխություններ են սպասվում։ Նշվում է, որ Ձեր անձի շուրջ դժգոհություններ են հասունանում։ Ե՞րբ է նախատեսվում կուսակցության ընդհանուր ժողովը և ինչից են դժգոհ Ձեր կուսակից-ընկերները։
- Դրանք ընդամենը բամբասանքներ են, որոնք իրականության հետ կապ չունենա։ Դաշնակցության ԳՄ ժողովը տեղի է ունեցել օգոստոսին, հաջորդ ժողովը երկու տարի հետո է։ Շատ հաճախ ամեն մի ապատեղեկատվության հարկ չենք համարում անդրադառնալ կամ պաշտոնապես հերքել։ Իսկ կուսակցության ժողովը մարտին է։
Դաշնակցության ընդհանուր ժողովները տարբեր սպասումներ են ձևավորում, ես այս ամենը դրանով եմ պայմանավորում և շատ հանգիստ եմ վերաբերվում այդ ամեն ինչին։ Դաշնակցությունը շատ պինդ , շատ ամուր է, որևէ խնդիր չկա։
-Հայ-թուրքական հարաբերություններ. հայ և թուրք հատուկ բանագնացների հունվարի 14-ին կայացած առաջին հանդիպումից հետո հայտարարվեց առանց նախապայմանների բանակցությունների մասին. 90-ականներից ի վեև Թուրքիան մշտապես նախապայմաններ է առաջ քաշել, հիմա ի՞նչ է փոխվել, կամ ի՞նչ է թաքնված առանց նախապայմանների ձևակերպման տակ։
-Շատ ենք անդրադարձել այդ հարցին։ Շատ հստակ է ամեն բան։ Վարչապետի աթոռը զբաղեցնողի ասուլիսն էլ վկայում էր այդ ամենի մասին, որ Թուրքիան շարունակում է իր նախապայմաններով հարաբերությունները, Թուրքիան նույն Թուրքիան է` ինչպես տարիներ առաջ, իսկ պատերազմից հետո Հայաստանն այլև նույն Հայաստանը չէ։ Թուրքիայի կողմից տարիներ շարունակ առաջադրված նախապայմանների գերակա մասն արդեն փաստացի կատարված է, կան բաներ, որ արդեն բավարարված են։
Իր ասուլիսից ակնհայտ էր, որ իրենք Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը թողնելու են սփյուռքի վրա և, ըստ էության, Հայաստանի պետական արտաքին քաղաքական օրակարգից հայտարարելով կամ առանց հայտարարելու դուրս է գալու այս քաղաքականությունը։ Այս իշխանությունը կարմիր գծեր չունի։ Երբ մենք մի քանի ամիս առաջ ասում էինք, որ Հայաստանը թրքացման է գնում, հենց սա նկատի ունեինք։
-Այս համատեքստում որն է սփյուռքի, մասնավորապես Հայ դատի հիմնական դերակատարումը։
-Ես երբեք չեմ ուզի սփյուռքին առանձնացնել Հայաստանից, կամ տարանջատել սփյուռքի օրակարգ-Հայաստանի օրակարգ եզրույթները։ Կա մեկ օրակարգ` դա հայ ժողովրդի, Հայաստանի, սփյուռքի ու Արցախի օրակարգն է, դա Հայաստանի անվտանգությունն է, Արցախի կարգավիճակն է, Արցախի պահպանումն է ու սփյուռքի ամրապնդումը։ Միևնույն ժամանակ`առանց պետության մասնակցության այս օրակարգերը չեն կարող հաջողություն ունենալ։ Առաջնահերթ պետք է խուսափել այդ բաժանումից, որը հետևողական առաջ է տանում այս իշխանությունը։
Երկրորդը` հայ-թուրքական հարաբերությունների գծով պետք է լինի հայ-թուրքական ընդվզում, դա միայն սփյուռքի խնդիրը չէ, առաջին հերթին հենց Հայաստանի խնդիրն է։ Սփյուռքը, Հայաստանը և Արցախը համատեղ ջանքերով պետք է ձևավորեն համահայկական ընդվզում ընդդեմ Հայաստանի թրքացման օրակարգի, Հայաստանի` մեր սերունդների իրավունքներից հրաժարվելու և առհասարակ հայկական ինքնության ոչնչացման այս գործընթացների դեմ։ Պետք է համախմբվենք ու միասնաբար պայքարենք այսօրվա իշխանության առաջ քաշած այս կործանարար օրակարգի դեմ։
- ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հանդիպման մասին. ի վերջո նման հանդիպում եղե՞լ է, թե ոչ, ի՞նչ կարող էին քննարկել սփյուռքի դաշնակցականները ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ։
-Անկեղծ`տեղյակ չեմ` հանդիպել են, թե ոչ։ Հայ դատի գրասենյակներն աշխարհում լուրջ առաքելություն ունեն։ Ես մի բան կարող եմ ասել` ցանկացած հանդիպում դա կլինի միջազգային կազմակերպությունների, տվյալ երկրների, պետությունների ղեկավարների, Հայաստանի ներկայացուցիչների կամ որևէ մեկի հետ, առնվազն պետք է բխի Արցախի և Հայաստանի շահերից։
Եթե անգամ այդպիսի հանդիպում եղել է` դրա մեջ ես սարսափելի ոչինչ չեմ տեսնում, որովհետև վստահաբար մեր կուսակից-ընկերներն իրենց տեսակետներն ու մտահոգությունները բարձրաձայնած կլինեն, նաև այն, ինչ մտածում են օրվա իշխանության, Հայաստանի արտաքին քաղաքականության և Արցախի հարցի ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը