Բոլորը ուզում են, որ եթերը լավը լինի, բովանդակային, արվեստին մոտ, գրագետ լեզու ունենա, արժեհամակարգ ձևավորի, բոլորն են դա ուզում, իսկ հանձնաժողովի խնդիրն այն է, թե ինչպես անել, որ կարողանա ապահովի նման եթեր ունենալու հնարավորությունը: Այս մասին ԱԺ հանձնաժողովում ասաց «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված ՀՌՀ անդամի թեկնածու Ռուբեն Հակոբյանը: Նա ներկայացրեց գործող օրենքի թերությունները, այնուհետև անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության գործունեությանն ու այդ համատեքստում հանձնաժողովի ֆունկցիաներին:
«Ես հատուկ հետևում եմ Հանրային հեռուստաընկերության լուսաբանմանը ՏԻՄ ընտրությունների մասով, ես արյան հոտ եմ առնում, որովհետև այն, ինչ կատարվում է Վարդենիսում, քաղաքական խուլիգանություն է, մեծամասնությունը ընտրված է, բայց քաղաքապետը բանալին չի տալիս, հեռուստատեսությունը մինչև հիմա չասաց, թե ինչ է կատարվում այնտեղ: Հեռուստատեսության թիվ մեկ խնդիրն այն է, որ օրվա խնդրին անդրադառնա, սրանից օրախնդիր հարց Հայաստանը չուներ, վաղը արյուն է հոսելու: Նույն իրավիճակն է Թալինում, բացառապես քրեական հեղինակություններն են այսօր այնտեղ կարգավորում հարցերը, իսկ Հանրային հեռուստատեսությունը չի անդրադառնում դրան: Այս համատեքստում պետք է ասեմ, որ ՀՌՀ վերահսկողական ֆունկցիա ունի, բայց այդ վերահսկողությունը չի իրականացվում:
Շատ անելիքներ կան այստեղ, հանձնաժողովը պետք է կարողանա մոնիթորինգի միջոցով ազդել եթերային քաղաքակնության վրա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը