Zham.am-ը գրում է․ Երեկ ՔՊ-ական պատգամավորներից մեկը ընթերցեց ՀՀ 2-րդ նախագահի նամակից հատված ուղղված Թուրքիայի վարչապետին 2005-ին, որտեղ նշված էր, որ Հայաստանը կողմ է, առանց նախապայմանների վերականգնել հարաբերությունները Անկարայի հետ:
Առաջին հայացքից, գրեթե նույն մոտեցումն ունի նաև Նիկոլ Փաշինյանը, ով վերջերս հայտարարեց, որ իր մոտեցումն չի տարբերվում նախորդ երեք նախագահների դիրքորոշումներից՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում:
Սակայն, իրականում, նրա մոտեցումը էապես է տարբերվում իր նախորդներից և հատկապես Քոչարյանի մոտեցումից:
Փորձենք այս հարցը ավելի մանրամասն քննել:
Հայ-թուրքական հարաբերությունները հենց սկզբից ունեցել են լուրջ բարդությունները, կապված երկու հանգամանքով` հայ-ադրբեջանական սուր հակամարտության և հայկական փյուռքի գործունեության հակաթուրքական ուղղվածության հետ:
Եթե Հայոց ցեղասպանության հարցը թույլ չէր տալիս վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները, ապա Ղարաբաղյան հակամարտության խորացումը «փակեց» հայ-թուրքական սահմանը:
Թուրքիան այս երկու հարցում էլ ունի նախապայման Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու հարցում:
Առաջին նախագահի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը կայանում էր նրանում, որ այս երկու հարցում էլ պետք է Հայաստանը զիջման գնա Անկարային, որպեսզի երկու երկրների հարաբերությունները հնարավոր լինի վերականգնել:
Տեր-Պետրոսյանը ցանկանում էր այս հարցը լուծել, սակայն ներքին հայաստանյան իրավիճակն թույլ չէր տալիս, որ նա կարողանար այս հարցերում գնար զիջման Անկարային: Փաստացի, Տեր-Պետրոսյանի և Թուրքիայի մոտեցումներն երկու երկրների հարաբերությունների վերականգման հարցում կամ շատ մոտ էին, կամ էլ համնկնում էին:
ՀՀ 2-րդ նախագահը՝ ճիշտ հակառակը, այն կարծիքին էր, որ այս երկու հարցում էլ մենք պիտի մերժենք Թուրքիային, քանզի մի մասում մենք չենք կարող զիջման գնալ ղարաբաղյան խնդրի հարցում, քանզի դա շաղկապված է Հայաստանի անվտանգության հետ, իսկ մյուս մասում մենք չենք կարող անտեսել Սփյուռքի գործոնը, քանզի դրա արդյունքում մենք կփլուզենք ողջ հայկական լոբիստական համակարգերը, որն նաև մեծ օգուտ է բերում Հայաստանին:
Ըստ Քոչարյանի, հայ-թուրքական հարաբերությունները, պետք էր բաժանել հայ-ադրբեջանական հարաբերություններից, իսկ Ցեղասպանության հարցն էլ չի կարելի քաղաքական հարթակից տեղափոխել պատմամշակույթային հարթակ, քանզի դրա արդյունքում իսկական և անկեղծ մերձեցում երկու ժողովուրդների մեջ չի հաջողվի հաստատել, ինչի հետ համաձայն են նաև թուրքական վերնախավի զգալի մասը նույնպես:
Պետք է նշել, որ Քոչարյանի դիրքորոշումը շատ նման էր Իսրաելի դիրքորոշմանը Եգիպտոսի նկատմամբ, որի արդյունքում 1978-ին հնարավոր եղավ Քեմփ Դեյվիդի համաձայնագրերի ստորագրումը: Իսրայելին հաջողվեց իսրայելա-եգիպտական հարաբերությունները տարանջատել Պաղեստինի խնդրից և դրա արդյունքում Թել-ավիվի և Կահիրեի հարաբերությունները վերականգվեցին և մինչ այսօր այդ երկրների մեջ այլևս ոչ մի սուր հակամարտություն գոյություն չունի:
Սակայն, որպեսզի Թուրքիան համաձայնվեր սեպարատ հարաբերություններ հաստատել Երևանի հետ, պետք է տեսներ Հայաստանի մեջ հաստատակամ դիրքորոշում: Պետք է համոզվեր, որ Հայաստանը նույնիսկ շրջափակման պարագայում կարողանում է զարգանալ, իսկ Ադրբեջանն էլ չի կարողանում ազդել Հայաստանի ոչ անվտանգության, ոչ էլ զարգացման վրա:
2005-ին Էրդողանի դիրքերը Թուրքիայում հեղհեղուկ էին, քանզի քեմալականները գրեթե բոլոր պետական ինստիտուտներում դիմադրում էին նրան և, ահա, թե ինչու նա այն ժամանակ հանդես էր գալիս «բարեփոխիչի» դիրքերից: Ընդորում, «բարեփոխիչ» ոչ միայն երկրի ներսում, այլև երկրից դուրս, ցանկանալով հաստատել բարիդրացիական հարաբերություններ իր բոլոր հարևանների հետ, հռչակելով, այսպես կոչված, «ունենալ զրո խնդիրներ բոլոր հարևանների հետ» կարգախոսը:
Այդ իսկ պատճառով էլ 2005-ին հնարավոր էր հաստատել Թուրքիայի հետ իսկապես բարիդրացիական հարաբերություններ, առանց նախապայմանների: Եվ զարմանալի չէր, որ այն ժամանակ Էրդողանի իշխանությունն մտածում էր դրա մասին:
Բայց թուրքագետները կհաստատեն, որ Թուրքիան բարդ երկիր է, և նույնիսկ նախապես ստորագրած համաձայնագրերից նրանք պահի տակ հեշտությամբ կարող են հրաժարվել:
Օրինակ, երբ Էրդողանն իր համաձայնությունը տվեց ամերիկացիներին Իրաքում Սադդամ Հուսեյնի ռեժիմը տապալելու հարցում օգտագործել նաև Թուրքիայի տարածքը, բայց վերջին պահին Անկարան մերժեց Վաշինգտոնին հենց Իրաք ներխուժումից օրեր առաջ: Եվ դա այն դեպքում, երբ այդ խնդիրը համաձայնեցված էր նույնիսկ Թուրքիայի օրենսդիր մարմնում:
Եթե Անկարան Վաշինգտոնի հետ կարող էր դրժել իր նախապես համաձայնեցված պայմանավորվածությունները, ինչու՞ նա չեր կարող դա անել փոքրիկ Հայաստանի հետ:
2008-2010 թվականների հայ-թուրքական գործընթացի ավարտը դարձավ դրա դասական օրինակներից մեկը: Երբ վերջին պահին Անկարան արդեն Ցյուրիխում փորձեց բանավոր նախապայմանով հանդես գալ, կապված ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ:
Հիշեցնենք, որ 12 տարի առաջ հենց Անկարան վիժեցրեց այդ գործընթացը:
Այսօր հայ-թուրքական գործնթացն ընթանում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որտեղ Հայաստանը ծանր պարտություն կրեց: Երբ հայկական բանակը գտնվում է փլված վիճակում, իսկ ադրբեջանական բանակը կանգնած է Գորիսի, Կապանի և Վարդենիսի մատույցներում:
Երբ տարածաշրջանում գրեթե 180 աստիճանով փոխվել է աշխարհաքաղաքական բալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Իսկ Հայաստանում փողոցի միջոցով իշխանության է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար դասակարգային խորթ ռեժիմ և Մոսկվայի ու Երևանի միջև առաջացել է վստահության խորը ճգնաժամ: Երբ այդ նույն ժամանակ, Էրդողանին հաջողվել է Պուտինի հետ հաստատել վստահելի հարաբերություններ, երբ և Էրդողանն, և Պուտինը Արևմուտքի կողմից համարվում են «չընդունվող» գործիչներ:
Հասկանալի է, որ այս պարագայում հայ-թուրքական «երկխոսության» գործնթացն ավելի շատ նման է դառնում պարտադրանքի, որտեղ հայկական կողմը գրեթե չունի ուժեղ «խաղաթուղթ», իսկ Արևմուտքն ու Ռուսաստանը գրեթե չեն թաքցնում, որ իրենց մեջ ներկա սուր հակամարտության պարագայում՝ Հայաստանի խնդիրը շատ քիչ է հետաքրքրում իրենց:
Հասկանալի է, որ ներկայիս հայ-թուրքական այս գործընթացը էապես է տարբերվում, թե 2005-ի կուլիսային, թե 2008-2010 գործընթացներից, վերը նշված հանգամանքների պատճառով:
Քանզի այսօրվա փաշինյանական «նոր» Հայաստանը, նախկինների «հին» Հայաստանը չէ, որ մենք հույս ունենանք այսօրվա գործնթացից, գոնե ինչ-որ դրական ակնկալիքներ ունենայինք առանց վտանգելու մեր ազգային անվտանգությունը:
Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի գաղափարական տիրույթում ձևավորված անձ է և ուրեմն, նրա համար ևս թուրքական նախապայմանները բնական բնույթ ունեն: Պարզապես բովանդակ հայությունն այս փուլի գործընթացի արդյունքում, իր մաշկի վրա կհասկանա, թե ինչ կնշանակի իրականում հայ-թուրքական գործնթացը, փաստացի թուրքական նախապայմաններն ընդունելով, որոնք Փաշինյանն համարում է բնական և հասկանալի:
Կան բնական քաղաքագիտական օրենքներ, համաձայն որի, երկրները բալանսավորված հարաբերություններում են կարողանում հաստատել կայուն և երկարաժամկետ խաղաղություն: Եթե այդ բալանսը խախտվում է, ապա խախտվում է նաև այդ երկրների համակեցության բանաձևը, կամ էլ նոր պատերազմով հաստատվում է նոր բալանսավորված հարաբերություն:
Այս տարրական ճշմարտությունը հայ քաղաքական վերնախավը այդպես էլ այս 30 տարիների ընթացքում չհասկացավ: Զարմանալի է, բայց նույնիսկ սեփական պատմությունը ոչինչ չսովորեցրեց այդ վերնախավին, քանզի տգիտությունը մնում է տգիտություն, որն էլ, ինչպես նշում էր հայտնի փիլիսոփա Բերտրան Ռասսելը, մարդկության ողբերգությունների գլխավոր աղբյուրն է: Տվյալ պարագայում այդ տգիտությունն իր հետևանքն է թողնելու Հայաստանի ժողովրդի վրա: Ինչպիսի բնույթի և ձևի մեջ է լինելու դա ցույց կտա ոչ հեռու ապագան: Պարզ է մեկ բան, որ ամեն մի ժողովուրդ ինքն է կերտում իր ապագան իր պատկերացումներով, և դրա սխալների համար էլ ինքն է պատասխանատվություն կրելու:
Սա է իրականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը