Անկեղծ չէի ցանկանա անդրադառնալ այն մարդկանց մտքերին, որոնց մտահորիզոնը սկսվում և ավարտվում է դեղին ժիգուլիով, ինչպես նաև իրենց բարեհամբույր ինքնահռչակած անձանց հոխորտանքներով։ Վերջինիս պինդ և ամուր նյարդեր եմ մաղթում, որովհետև, ցավոք, մեր երկրի համար այսքան դժվար փուլում նա է ՀՀ ներկայացուցիչը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասով։ Այս մասին ԱԺ ամբիոնից դիմելով ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Բայց հայ-թուրքական հարաբերությունների մասով կան կետեր, որոնք պարտավոր են այս իշխանությունները պատասխանել և սուբստանտիվ առումով ներկայացնել պարզաբանուներ, թե առհասարակ ՀՀ կառավարությունը բանակցությունների գնալիս ինչ պատկերացումներ ունի, ինչ տեսլական ունի, արդյոք հաշվարկել է ռիսկերը և հնարավոր կառավարման ինչ մեխանիզմներ է մտածել։ Պետք է պատասխանեք մի քանի հարցերի, երբ ասում եք՝ առանց նախապայմանների ենք բանակցում, բանակցություններից մեկ կամ երկու օր առաջ թուրքական կողմն ասում է, որ շատ կարևոր է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, արդյո՞ք այս հանդիպման ընթացքում Թուրքիայի ներկայացուցչի հետ խոսել եք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Արդյո՞ք քննարկվել է ցեղասպանության հարցը և արդյո՞ք սա որպես հիմք է դրվել հետագա բանակցությունների ավելի կառուցողական լինելու համար, քննարկվե՞լ է տարածշրջանում ճանապարհների ապաշրջափակման և Զանգեզուրի միջանցք կոչվածի հարցերը։ Սրանք հարցեր են, որոնք դուք պարտավոր եք պատասխանել, և բուն պատասխաններ հնչեցենլու փոխարեն այստեղ գալիս հոխորտո՞ւմ եք, ո՞ւմ վրա»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը