ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում: Այդ մասին տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
Պատճառը, նրա խոսքով, իշխող ուժի կամայական որոշումն է սահմանափակել ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը Վաշինգոտում նախատեսվող կարևորագույն աշխատանքային հանդիպմանը:
«Գործուղումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է երեք հոգի և որոշում է կայացվել Վանեցյանին չներառել այդ կազմում: Փաստորեն, իշխանությունը որոշել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպմանը ընդդիմության ներկայացուցչի կարիք չկա և հանդիպմանը հայկական կողմից կմասնակցեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը: Արթուր Վանեցյանն ի պատասխան տեղեկացրել է, որ այդ պարագայում նպատակահարմար չի համարում իր մեկնումն ԱՄՆ և չեղարկել է այցը, քանի որ օրակարգի այդպիսի փոփոխության պայմաններում այցը կկրեր ընդամենը արարողակարգային բնույթ», - նշել է Հակոբյանը։
Նրա խոսքով, իշխանության այս գործելաոճն աննախադեպ ու անընդունելի է՝ առավել ևս հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության խորհրդարանական կառավարման համակարգը:
«Միջադեպը հերթական անգամ ցույց է տալիս, որ իշխող ուժը չունի քաղաքական մշակույթ և ցանկություն այն զարգացնելու: Մտածելու տեղիք են տալիս նաև նման որոշման շարժառիթները՝ արդյո՞ք խնդիրը միայն իշխանության կողմից ժողովրդավարության այլասերված ընկալումն է, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունն ու ընդդիմության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, թե՞ առկա է նաև հանդիպման բովանդակությունը թաքցնելու մտադրություն: Դատապարտում ենք նման գործելաոճը՝ համարելով այն հարված ՀՀ հեղինակությանը: Հնարավոր բոլոր ճանապարհներով այս ամենաթողությունը պետք է արմատախիլ արվի:
Հ.Գ. Այս ամենի մասին պատշաճ կերպով կտեղեկացնենք նաև մեր միջազգային գործընկերներին», - նշել է Հակոբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը