27 12 2021

Այս իշխանությունը շփոթել է՝ երկնիշ թվերով պետք է աճեր ոչ թե գնաճը, այլ՝ տնտեսությունը․ Ռոբերտ Քոչարյան



Անկումն անցած տարի եղել է 7,4 տոկոս, այս տարի կանխատեսվում է մոտ 4,2 տոկոս տնտեսական աճ՝ Կենտրոնական բանկի գնահատականով, կարծում եմ՝ այն, ինչ կլինի դրանից ավել, ուղղակի նկարած է լինելու։ Այսօր՝ դեկտեմբերի 27-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մի շատ պարզ հաշվարկ՝ նույնիսկ 2019 թվականի ցուցանիշներին հասնելու համար մենք պետք է այս տարի ապահովվեինք ավելի քան 8 տոկոս աճ։ Չենք ապահովվել, վստահ եմ, որ հաջորդ տարի ևս չենք ապահովվելու և ստացվելու է, որ 2020, 2021, 2022 թվականները լինելու են տեղում կանգնած տարիներ։ 

Հիշում եք, եթե չեմ սխալվում՝ 2018 թվականին կախարդական փայտիկի մասին էր խոսք գնում, հիմա պարզվեց, որ այդ փայտիկը ռեվերսի ռեժիմով է աշխատում, դա ոչ թե մեր տնտեսությունը մեծացնելու, մեր ժողովրդին հարստացնելու համար էր, այլ ճիշտ հակառակը՝ աղքատացնելու և տնտեսության ծավալները փոքրացնելու կախարդական փայտիկ էր։ Պետական պարտքը 9 միլիարդից անցել է և վերջին երեք տարում աճել է 2,3 միլիարդ դոլարով, սա նշանակում է, որ այս 4 տոկոսանոց կանխատեսվող սպասվելիք տնտեսական աճի մի զգալի մասը պայմանավորված է պարտքի մեծացմամբ․ այլ բացատրություն այլևս չկա»։

Ինչ վերաբերում է գնաճին, Ռոբերտ Քոչարյանը նշեց․ «Գնաճը 9,6 տոկոս է, պաշտոնական թվեր եմ միայն մեջբերում, որոնց արժանահավատությունը ևս կասկածի տակ է, բայց թող այդպես լինի։ Ես 10 տարի նախագահ եմ եղել, ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչ պետք է անես, որ ունենաս 9,6 տոկոս գնաճ։ Միջին գնաճը եղել է 2-3 տոկոս, սա է նորմալը և նման գնաճի պարագայում դու, որպես պետություն, պարտավոր ես ինդեքսավորել թոշակները և աշխատավարձերը, ուղղակի պարտավոր ես, ինչը չի արվում և ինչպես ես հասկանում եմ՝ չի էլ սպասվում։ Այս իշխանությունը ոնց որ շփոթել է՝ երկնիշ թվերը շփոթել է գնաճի ու տնտեսական աճի միջև, տեղերը փոխվել են։ Պետք է լիներ հակառակը՝ երկնիշ թվերով պետք է աճեր ոչ թե գնաճը, այլ՝ տնտեսությունը»։

Նախագահի խոսքով՝ մենք կարիք ունենք լրիվ այլ տնտեսական աճի տեմպերի, հակառակ դեպքում մեր անվտանգային հարցերը որևէ կերպ հանարվորություն չենք ունենալու լուծել․ «Այս տարվա ընթացքում ևս պարզվեց, որ միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրերը միֆ էին, լկտի սուտ։ Այս մի քանի տարվա ընթացքում մարդկանց ավելորդ լավատեսություն, չհիմնավորված լավատեսություն էին հաղորդում, ինչի պատճառով մարդիկ մտել են մեծ վարկային բեռերի տակ, և այսօր մենք կանգնած ենք լրջագույն պրոբլեմի առջև՝ վարկային փաթեթների անորակ լինելու։ Իմ տպավորությամբ բավականին մեծ է հավանականությունը, որ մենք ունենալու ենք ճգնաժամ այդ սպառողական վարկերի սպասարկման տեսանկյունից։ Այստեղ լրջագույն քայլեր են պետք կառավարության, Կենտրոնական բանկի կողմից՝ այդպիսի ճգնաժամը շրջանցելու համար»։ 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ