Հարգելի երևանցիներ, հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին: Այս մասին հայտարարություն է տարածել «Իմ քայլը» խմբակցությունը։
«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»,- նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Դեկտեմբերի 22-ին, ժամը 10:00-ին հրավիրել են Երևանի ավագանու արտահերթ նիստ մեկ օրակարգային հարցով՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի քննարկում։
Մինչ այս պահը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին միացել է ավագանու 65 անդամից 43-ը: «Իմ քայլի» նախաձեռնությանը չմիանալու մասին հայտարարել են ավագանու անդամներից Դավիթ Խաժակյանը, Թեհմինա Վարդանյանը, Վահե Գևորգյանը, Իզաբելլա Աբգարյանը, Գրիգոր Երիցյանը, Ռուբեն Հայրապետյանը, Գայանե Վարդանյանը, Օսվաննա Հովսեփյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը