20 12 2021

Ասա զավեշտ է ինձ համար և պատրաստ եմ ամեն ելքի. Զարուհի Նախշքարյան․ Tert.am

Ասա զավեշտ է ինձ համար և պատրաստ եմ ամեն ելքի. Զարուհի Նախշքարյան․ Tert.am

Tert.am-ը գրում է․ Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ԲԴԽ-ն ինչ որոշում կկայացնի, ես պատրաստ եմ ամեն ելքի։ Բայց ես ուզում եմ, որ ԲԴԽ-ն այնպիսի որոշում կայացնի, որը չի անդրադառնա մեր ողջ դատական համակարգի վրա և հնարավորություն չի տա այսպիսի խայտառակ դատավարությունների։ Այս մասին ԲԴԽ-ում հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը` իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննարկման ժամանակ։ 

Նա նշեց, որ ո՛չ հայցվոր կողմը, ո՛չ պատասխանողը և ո՛չ էլ վերաքննիչ դատարանը չեն են գտել, որ ինքը թույլ է տվել որևէ դատավարական խախտում։ 

«Այդ կերպ համարում է միայն միջնորդություն հարուցած անձ նախարարը։ Այս պայմաններում մենք հավաքվել են ԲԴԽ-ում և փորձում ենք լուրջ իրավաբանություն իրականացնել այս հարցերի շուրջ։ Սա զավեշտ է ինձ համար»,– ասաց նա՝ հավելելով, որ ներկայացված միջնորդությունը թերի է։ 

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Ստյոպա Սաֆարյանը դժգոհ էր մնացել դատավորի կայացրած որոշումից, որով դատարանը Սաֆարյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում։ Խոսքը լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի գործով կայացված որոշման մասին է։

Գործով հայցի հիմքը Ստյոպա Սաֆարյանի հրավերն ու դրան հետևած քննարկումն է, որով Սաֆարյանը սահմանափակել էր լրատվամիջոցների մուտքը միջոցառմանը՝ կազմելով համապատասխան ցուցակ, իսկ երբ քննարկմանը չհրավիրված լրատվամիջոցների լրագրողները ներկայացել են միջոցառմանը՝ փորձելով հարցեր տալ Սաֆարյանին, հրավիրել խմբագրություն՝ հարցազրույցի, Սաֆարյանը պատասխանել է. «Աշխատեք ձեր վրա, կատարելագործվեք: Մենք միայն կայացածներին ենք հրավիրել: Դուք ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ ձեր տարածքների, ո՛չ ձեր տների: Դուք իմ կինը չեք, որ ինձ տեղ հրավիրեք, ինձ միայն իմ կինը կարող է տեղ հրավիրել»: 

Դատավոր Զարուհի Նախշքարյանը բավարարել էր լրագրողի հայցադիմումը՝ պարտավորեցնելով Սաֆարյանին՝ ներողություն խնդրել լրագրողից։ Դատարանի՝ սույն որոշումից Սաֆարյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն, ինչի հիման վրա էլ վարույթ է հարուցվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ