Pastinfo.am-ը գրում է․
Նիկոլ Փաշինյանի քաղաքական շոուները հասարակությանը հիմա չեն հետաքրքրում, հասարակությունն ուրիշ խնդիրներ ունի, սոցիալական ծանր վիճակ է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Ըստ նրա՝ ընդդիմադիր գործիչների կալանավորումները և նրանց նկատմամբ ճնշումները հասարակության համար հիմա չունեն այն կարևորությունը, ինչ՝ նախկինում.
«Նրանք 2018թ-ին ակնկալում էին, թե այդպիսով երկիրը դեպի լուսավոր ապագա է գնում, բայց հիմա տեսնում են, որ այդպես չէ, հասարակությունը տեսնում է՝ կատարվում են գործողություններ, որոնք իր շահերից չեն բխում, իր շահերի հետ կապ չունեն, դրա համար էլ այլևս ուշադրություն չի դարձնում, քանի որ ավելի կարևոր խնդիրներ կան՝ սոցիալական, անվտանգային և այլն»,-ասաց Բադալյանը:
Դիտարկմանը՝ թե տեսակետ կա, որ Հայկ Մարությանի շուրջ բարձրացրած աղմուկով, համայնքապետի ընդդիմադիր թեկնածուների վերջին կալանավորումներով Նիկոլ Փաշինյանը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել Հայաստանի անվտանգային համակարգի շուրջ տեղի ունեցող գործընթացներից, զրուցակիցը հակադարձեց՝տեղի ունեցող բոլոր քաղաքական գործընթացների հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանի՝ անձնիշխան համակարգի ամրապնդումն է, իսկ հասարակության ուշադրությունը շեղելը երկրորդական է:
Ըստ քաղտեխնոլոգի՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է կառավարման անձնիշխան համակարգ հաստատել, դրա համար էլ փորձում է ազատվել այն գործիչներից, ինչպես օրինակ հիմա Հայկ Մարությանը, որոնք չեն ենթարկվում իրեն և կարող են այլընտրանք դառնալ իր իշխանությանը.
«Իր կառավարման մեթոդոլոգիան անձնիշխան համակարգն է, որը չի ենթադրում այլընտրանք, իսկ քաղաքապետն այսօր այլընտրանք էր, և սկսել էր որոշակի վարկանիշ ձեռք բերել, ինչն անհանդուրժելի է անձնիշխան կառավարման համակարգում, դրա համար է այս ամբողջ գործընթացն արվում, որպեսզի նորից մտցվի անձնիշխան կառավարման համակարգ: Իշխանությունը ցանկանում է, որ քաղաքապետը հեռանա և գա այն մարդը, որը պատրաստ է ծառայել իրենց, սա է ամբողջ էությունը, ուրիշ բան է ՝ կստացվի, թե՞՝ չի ստացվի, փորձում են այս հարցին լուծում տալ, քանի որ վարչապետի էությունն այնպիսին է, որ չի հանդուրժում իրեն չենթարկվող մարդկանց, դու սև ես, կամ՝ սպիտակ, սա վարչապետի մեթոդն է, որն, ի դեպ,քաղաքապետը մտցրեց շրջանառության մեջ հիմա դա իր դեմ է ուղղվում»
Արմեն Բադալյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը կառավարման կիսանախագահական համակարգ տանելու և իր թեկնածությունն առաջադրելու հետ կապված ծրագրեր ունի, դրա համար էլ փորձում է ամբողջ վարչական ռեսուրսներն իր ձեռքում կենտրոնացնել.
« Ուժային կառույցներ, ԱԺ-ն, կառավարությունը, դատական մարմիններն իր «գրպանում են», մարզերի մի մասն իր «գրպանում» են, մի մասը՝ ոչ, այն համայնքներում, որտեղ հնարավորություններ է տեսնում՝ իր դիրքերն ամրապնդելու համար, այդ ուղղությամբ աշխատում են, օրինակ՝ Վանաձորում հաղթած ընդդիմադիր թեկնածուին կալանավորեցին, որ իրենց թեկնածուն անցնի, նույնն էլ Վարդենիսում, Վեդիում ուրիշ սկզբունքով են անում, որ նոր ընտրություններ լինեն, փորձում է ՏԻՄ ընտրությունները նորից դեպի իրեն տանել ոչ ընտրական, այլ ուժային կառույցների միջոցով»,-ասաց քաղտեխնոլոգը:
Ըստ Բադալյանի՝ հիմա իշխանության համար հիմնական խնդիրը Երևանն է, քանի որ Երևանը շատ մեծ վարչական ռեսուրս է, իսկ այդ վարչական ռեսուրսն այլևս չի ենթարկվում գործող իշխանություններին.
«Օրինակ, եթե ընդունենք գարնանը լինելու է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, ոչ մի երաշխիք չկա, որ գործող քաղաքապետն աջակցելու է իրենց,վերջին ընտրությունների ժամանակ էլ քաղաքապետը որպես այդպիսին ուրևէ աջակցություն չցուցաբերեց իշխանություններին, սա երկրորդ անգամ թույլ տալ չեն կարող»,-ասաց զրուցակիցը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը