15 12 2021

Ձերբակալվել է Վանաձորում ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը

Ձերբակալվել է Վանաձորում ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը

2021թ. սեպտեմբերի 14-ին հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում տևական ժամանակ իրականացված քննչական և դատավարական այլ համակողմանի գործողությունների արդյունքում առերևույթ տվյալներ են ձեռք բերվել  2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մ.Ա.-ի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:

Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի 1/1 և 1/1-6 հասցեներում գտնվող 0,94955 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ առաջարկությունը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով ներկայացնելու և վերջինիս կողմից տվյալ փաթեթը երեք անգամ լրամշակելու նպատակով հետ վերադարձված լինելու պարագայում՝ Մ.Ա.-ն ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և հիշյալ հասցեներում գտնվող հողամասերը,  իր համապատասխան որոշումներով, բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոխել է էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի, որի լիազորությունը չի ունեցել. արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:

 

Բացի այդ, վերը նշված ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ա.-ն համայնքի գլխավոր հատակագծում ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նշված սահմանափակումների ցանկում ընդգրկված Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 14/1-10 հասցեներում գտնվող 0,0999 հա մակերեսով հողատարածքը սեփականության իրավունքով օտարելու՝ անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները և կեղծ տվյալներ ներառելով իր համապատասխան որոշման մեջ՝ փոխել է հիշյալ հասցեում գտնվող հողատարածքի գործառնական նշանակությունը. բնակավայրերի այլ հողերից՝ դարձնելով հասարակական կառուցապատման հողերի։

Այնուհետև, կազմվել և Մ.Ա.-ի կողմից ստորագրվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, այն մասին, թե իբր, Վանաձոր համայնքի Ուսանողական փողոցի 14/1-10 հասցեում գտնվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, որը համայնքապետի որոշման հետ միասին ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը հիշյալ հողատարածքի նկատմամբ, որի նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման:

Դրանից հետո Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ա.-ն նշված հողատարածքն ընդգրկելով համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում՝ Վանաձորի համայնքապետարանում կազմակերպել է աճուրդ և իր որոշմամբ վերը նշված մակերեսով հողամասը 2 007 700  ՀՀ դրամով օտարել է:

Մեկ այլ դեպքով ևս՝ դարձյալ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նշված սահմանափակումների ցանկում ընդգրկված, Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 14/1-9 հասցեում գտնվող 0,26293 հա հողատարածքը սեփականության իրավունքով քաղաքացուն օտարելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները և իր կողմից կայացված որոշման մեջ կեղծ տվյալներ ներառելով՝ փոփոխել է հիշյալ հասցեներում գտնվող հողատարածքի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի այլ հողերից հասարակական կառուցապատման հողերի։

Այնուհետև, վերը թվարկված նույն ընթացակարգերով ապահովելով հիշյալ հողատարածքի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի գրանցումը՝  համայնքապետարանում կայացած աճուրդում 5 284 120 ՀՀ դրամով այդ հողամասը ևս օտարել է:

Ավելին, մեկ այլ դրվագով տվյալներ են ստացվել, որ Վանաձորի նախկին համայնքապետ Մ.Ա.-ն պարտավոր լինելով հետևել համայնքային հողատարածքների՝ նպատակային նշանակությամբ օգտագործմանը, ինչպես նաև պարտավոր լինելով կասեցնել և կանխարգելել չնախատեսված վայրում և այլ գործառնական նշանակության հողամասում գերեզմանների կառուցումը՝ չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները և հնարավորություն է ընձեռել իր մտերիմը հանդիսացող անձի տիկնոջ մայր Վ.Ղ.-ին սեփականություն իրավունքով պատկանող, Վանաձոր քաղաքի Նարեկացի 3/3 հասցեում գտնվող հողամասը հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ օգտագործելու փոխարեն ծառայեցնել այլ նպատակով՝ 2017 թվականից միջնորդավորված հողակտորներ վաճառելով կամ նվիրելով տարբեր քաղաքացիների՝ դրանցում  հուղարկավորություններ իրականացնելու նպատակով. այն դեպքում, երբ Լոռու մարզպետարանի կողմից Մ.Ա.-ն տեղեկացված է եղել հիշյալ տարածքում գերեզմանների առկայության վերաբերյալ:

Վանաձորի համայնքի նախկին ղեկավար Մ.Ա.-ի հանցավոր գործողությունների արդյունքում՝ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ համայնքը և պետությունը զրկվել են վերը նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից, չեն պահպանվել բնակելի շենքերից գերեզմանատների մինչև 300 մետր հեռավորության վրա գտնվելու՝ բնակչության առողջության սանիտարահամաճարակային նորմերի ապահովման պահանջները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Մ.Ա.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններում Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը ստացել էր ամենաշատ ձայները։ Նրա օգտին քվեարկել էր ընտրելու իրավունք ունեցողների 38.71 տոկոսը կամ 12 810 ընտրող։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ