13 12 2021

2008-ին հանդես եք եկել քաղաքական հայտարարություններով. Սիրանուշ Սահակյանը՝ Ջհանգիրյանին․ News.am

2008-ին հանդես եք եկել քաղաքական հայտարարություններով. Սիրանուշ Սահակյանը՝ Ջհանգիրյանին․ News.am

News.am-ը գրում է․ «Իմ քայլը» ձեզ առաջադրել է օրենքի խախտմամբ, քանի որ տարիքային շեմի առումով եղել է անհամապատասխանություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԲԴԽ-ում հայտարարեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ նկատի ունենալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին։

««Իմ քայլը» ձեզ առաջադրել է օրենքի խախտմամբ, քանի որ տարիքային շեմի առումով եղել է անհամապատասխանություն: Այս հանգամանքը ձեզ առավել եւս խոցելի է դարձնում ու դամոկլյան սուրը ձեր քաղաքական ուժը մշտապես կապել է ձեր գլխին։ Մենք կարծում ենք՝ նախքան ԲԴԽ անդամ նշանակվելը դուք զբաղեցրել եք մի պաշտոն, որին ներկայացվել է ապաքաղաքականացվածության չեզոքության պահանջ, խոսքը վերաբերում է դատախազի գործառույթները իրականացնելուն, սակայն դա ձեզ չի խոչընդոտել, որ դուք օրենսդարական պահանջը խախտելով իրականացնենք դատախազի գործունեության հետ անհամատեղելի գործունեություն։ 2008 թվականին հանդես եք եկել քաղաքական հայտարարություններով, որոնք, բնականաբար, առաջ են բերել հետեւանքներ. այս առիթով դիմել եք նաեւ Եվրոպական դատարան, որը, ցավոք, արձանագրել է, որ միջամտությունը ձեր իրավունքներին՝ արդարացված է, որովհետեւ դատավորները եւ դատախազները չպետք է զբաղվեն քաղաքական գործունեությամբ»,- նշեց Սահակյանը։

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ Ջհանգիրյանն իր փորձով ցույց է տվել, որ քաղաքական չեզոքությունը խախտելն իր համար խնդիր չէ. «Բացի այդ, մամուլը հրապարակեց ձեր կոնֆիդենցիալ շփումները իշխանության հետ: Դուք վարչապետից, արդարադատության նախարարից, քաղաքական մեծամասնությունից անկողմնակալ չեք կարող գործել տիկին Նախշքարյանի գործով, որն ուղղակի քննադատել էր Նիկոլ Փաշինյանի անձը»:

Նախշքարյանի ներկայացուցիչը նաեւ ընդգծեց՝ Ստյոպա Սաֆարյանը, որի հաղորդման հիման վրա է դատավոր Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել, ասոցացվում է գործող իշխանության հետ.

«Այս կարգապահական վարույթը իրականացվում է նրա դեմ քաղաքացիական գործով վճիռ կայացնելու համար որպես պատիժ եւ այն ունի ընդհանուր կանխող նպատակ՝ ցույց տալու դատական համակարգին, թե ինչ է լինում այն դատավորների հետ, երբ իշխանությանը մոտ կանգնած դեմ կայացվում են վճիռներ»։

Սիրանուշ Սահակյանը բացարկ հայտնեց ԲԴԽ մի շարք անդամների՝ Մելիքջանյանին, Գրիգոր Բեքմեզյանին, Վիգեն Քոչարյանին, Դավիթ Խաչատրյանին եւ Գագիկ Ջհանգիրյանին, ինչը, սակայն ԲԴԽ-ն մերժեց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ