Մեր պատմության վերջին ժամանակահատվածը բաժանվեց երկու փուլի, առաջին՝ արցախյան 44 օրյա պատերազմն է, երբ ժողովուրդը սկսեց հասկանալ, թե Հայաստանի ներսում ինչ ուժերի և ում հետ գործ ունի։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նկատեց, որ հասարակության մեջ ցավալիորեն կածիք էր ձևավորվել, թե խնդիրն Արցախի մեջ է, և այն տալով բոլոր խնդիրները կլուծվեն:
«Նույնիսկ դրա համար պետական ուժեղ քարոզչամեքենա մտավ խաղի մեջ՝ ցույց տալու համար, որ Արցախն իրականում մերը չէ՝ Ադրբեջանինն է»,- նկատեց պատգամավորը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, նորագույն ժամանակների երկրորդ հանգրվանային փուլը մայիսի 12-ին և նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ագրեսիան էր Սյունիքի և Վայոց Ձորի ուղղությամբ, որոնց արդյունքում նույնիսկ պաշտոնական տվյալներով 41 քառ. կմ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, կորցրել ենք կարևոր դիրքեր, բարձունքներ, հենակետեր:
«Սրանք ոչ թե Արցախի դեմ ուղղված ագրեսիա էին, այլ Հայաստանի դեմ էին և ադրբեջանական զինուժը ոչ միայն չի նահանջում, այլ այդ տարածության մեջ շատ ավելի լկտի պահվածք են դրսևորում»,-ասաց նա։
Աբրահմյանի խոսքով, ստեղծված իրավիճակը երկրում չէր կարող անդրադարձ չունենալ ՏԻՄ ընտրությունների վրա։
«Կան համայնքներ, որտեղ իշխող ուժը հաղթանակ է տարել, բայց նրա ընտրացուցակներում գաղափարական առումով չկա թիմ, կան մարդիկ, որոնք փորձել են ստեղծված իրավիճակում իրենց կողմը քաշել վերմակը, ընդունել իշխող ուժի պայմանները»,-ասաց Աբրահամյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը