05 12 2021

Մոսկվան բացահայտել է Արցախը հանձնողներին․ 7or.am

Մոսկվան բացահայտել է Արցախը հանձնողներին․ 7or.am

7or.am-ը գրում է․ Նյութի վերնագիրը մի քիչ նիկոլական քարոզչամեքենայի կողմից տարածվող նյութերի վերնագրերի պես ստացվեց, բայց սա այն դեպքն է, երբ չկա չափազանցություն և վերնագրի միջոցով քլիք հավաքելու ցանկություն։

Սա այն դեպքն է, երբ Մոսկվան իրոք բացահայտել է Արցախը հանձնողներին (թեև մենք դա վաղուց գիտեինք), Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանն իրոք ստացել են դիվանագիտական ապտակ և նրանք իրոք նոկաուտի մեջ են հայտնվել, քանզի ծպտունները չի սլվում։

Հիմա ամեն ինչ հերթով։

Նիկոլի զրոյական կետը

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի ու քարոզչաթիմի հիմնական արդարացում–թեզն Արցախի գլխին պատերազմ ու պարտություն բերելու հարցում հետևյալն է․ «Մենք ի՞նչ կարող էինք անել, ծանր ժառանգություն էինք ստացել, նախկինները հանձնել էին Ղարաբաղը, այդ թվում՝ Շուշին, նրանք այնպես էին բանակցել, որ Ղարաբաղը մնում էր Ադրբեջանի կազմում, իսկ Նիկոլը ստիպված զրոյացրեց դա, պայքարեց, սակայն ավա՜ղ․․․»։

Ըստ նիկոլենց՝ 44–օրյա պատերազմի ու պարտության համար մեղավոր են նախկինները և զինվորականները, իսկ Նիկոլն անմեղ գառնուկ է՝ զոհ։

Սա, իհարկե, լկտի սուտ է։ Բազմիցս բացատրվել է, որ մինչև Նիկոլի վարչապետ դառնալը բանակցային սեղանի վրա Արցախի կարգավիճակի հարցի որոշումն էր։ Ադրբեջանը չեմուչում էր անում, բայց մեծ հաշվով բանակցում էր «Տարածքներ՝ Ղարաբաղի կարգավիճակի ու խաղաղության դիմաց» բանաձևով։

Նիկոլը եկավ ու 2018–ի մայիսի 9–ից սկսած փլուզեց բանակցային գործընթացը, հայտարարեց, որ ամեն ինչ սկսում է իր զրոյական կետից, հիմար վիճակի մեջ դրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, փչացրեց հայ–ռուսական հարաբերությունները, Ադրբեջանին հնարավորություն տվեց Թուրքիայի հետ դիմել ուժի ու տարավ մեզ կապիտուլյացիայի։

Միտումնավո՞ր է այս ամենն արել Նիկոլը, թե՞ հիմարության պատճառով, անաչառ քննությունը կպարզի։ Այս պահին պարզից էլ պարզ է, որ իր վարած քաղաքականության արդյունքում մենք ստացանք Արցախի պետականության կորուստ, հազարավոր զոհեր («եթե շուտ կանգնեցնեի պատերազմը, ինձ կասեին՝ Նիկոլ, դավաճան»), հազարավոր վիրավորներ, տասնյակ հազարավոր անտուն մարդիկ, գրավված Շուշի, Հադրութ, գերիներ, մշուշոտ ապագա․․․

Լավրովը «փչացրեց» Նիկոլին ու Ալենին՝ մեսիջ տալով հայ ժողովրդին

Նիկոլենք անընդհատ փորձում են «կռուտիտ» լինել ու հայտարարել, որ իրենք չեն հանձնել ու մեղք չունեն։ Նման «կռուտիտներից» մեկն արել էր «պադավատամոլ» Ալեն Սիմոնյանը, ով հայտարարել էր, թե բա որ ուզենայինք Ղարաբաղը հանձնել, ապա դա կանեինք, օրինակ, «Լավրովի պլանով»։

Մոսկվայից շատ կոշտ արձագանքեցին ՀՀ ԱԺ խոսնակին՝ փաստացի «չերեզ» Ալեն պատասխանելով Փաշինյանի ստախոսությանն ու մանիպուլյացիաներին։

Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ 2019–ին Հայաստանին առաջարկվել է գնալ 5+2 տարբերակով տարածքների հանձնմանը՝ փոխարենը ստանալով Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում։ Լավրովի գրասենյակից բացահայտել են, որ մինչև 2020–ի աշունը Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ տարբերակն է եղել սեղանի վրա, սակայն հայկական կողմն ընդառաջ չի գնացել դրան։ Արդյունքում ստացվել է այսօրվա պատկերը։

Ուշադրությո՛ւն դարձրեք․ հակամարտության կարգավորման փաթեթում չի եղել Շուշին ու Հադրութն Ադրբեջանին հանձնելու հարց։

Եթե Նիկոլը բանակցային գործընթացը վարեր ոչ թե սեփական ախմախ կետից, այլ շարունակեր Մադրիդյան սկզբունքների տրամաբանությամբ, ապա կա՛մ կունենայինք լուծում, կա՛մ ստատուս քվոյի պահպանում։ Նիկոլը ո՛չ մեկն արեց, ո՛չ մյուսը։ Արդյունքը ողբերգական է։ Մոսկվան հենց դա է բացահայտել՝ մեսիջ հղելով հայ ժողովրդին։ Կհասկանա՞ Մոսկվայից եկած հերթական մեսիջը հայ ժողովուրդը, արդեն ներքին հարց է։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․ Հետաքրքրական է, որ Ալեն Սիմոնյանը «Լավրովի պլանի» պահով բլթացրել էր վաղուց, բայց ռուսական պատասխանը մի փոքր ուշացումով եղավ։ Ըստ ամենայնի՝ ռուսները չեն ուզեցել սրել իրավիճակը, բայց կուլիսներում ինչ-որ բան է տեղի ունեցել, և ահա Մոսկվայից որոշեցին «դիշովի» որակել Ալեն Սիմոնյանի մտացածին ասածները, որոնք հիմնված են «Թուրքական Հայկական ժամանակի» բամբասանքների վրա։

Ի դեպ, «Լավրովի պլանից» թուրքամետ ծռերի ահաբեկչության օրերին խոսում էր նաև ընդդիմադիր հաճախորդ Նիկոլը։ Սրանք իշխանության եկան, բայց այդպես էլ չհրաժարվեցին բամբասանքային–մուտիլովկայական իրենց գործելաոճից՝ այն կիրառելով նաև միջազգային հարաբերություններում։ Սա՞ էլ է միտումնավոր արվում, թե՞ ոչ, կրկին թողնենք ապագա քննությանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ