Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը կայուն է, լուրջ միջադեպեր, նպատակաուղղված սադրանքներ չեն եղել։ Այն եզակի դեպքերը, որոնք արձանագրվել են, ոչ պարբերական բնույթ են կրել, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանն ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևը հայտարարեց՝ «Ադրբեջանը տարվա ընթացքում առավելագույն կառուցողականություն է ցուցաբերել՝ պատերազմի հետևանքները չեզոքացնելու, ենթակառուցվածքներն ապաշրջափակելու գործում»։
«Գտնում եմ, որ այդ խնդիրը կարևորներից մեկն է, որը դեռ չի կատարվել, որովհետև անցյալ տարի նոյեմբերին ստորագրված եռակողմ համաձայնագրի բոլոր կետերը գործնականում կատարված են։ Այդ պատճառով կարծում եմ, որ այդ հարցն այսօր կքննարկվի այնպես, ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների հստակեցման թեման», - ասաց նա։
Ադրբեջանի նախագահը հայտարարեց նաև, որ պատրաստ է սկսել սահմանների դելիմիտացիայի գործընթացը՝ կրկին շեշտելով, որ այդ դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է «փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը»։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանները դելիմիտացված չեն, մենք բազմիցս հրապարակային արտահայտվել ենք, որ պատրաստ են սկսել դելիմիտացիայի անհետաձգելի գործընթացը։ Ասեմ ավելին, մենք հայկական կողմին նաև հրապարակայնորեն առաջարկել ենք սկսել աշխատանքը «խաղաղության պայմանագրի» շուրջ, որպեսզի վերջ դրվի դիմակայությանը, փոխադարձաբար ճանաչվեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ապագայում կարողանանք ապրել որպես հարևաններ, սովորենք կրկին ապրել՝ որպես հարևաններ», - ասաց Ալիևը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը