Hraparak.am-ը գրում է․
«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սյունիքի համայնքապետերի հետ հանդիպումից հետո լուրեր տարածվեցին, թե Տաթև համայնքի նորընտիր համայնքապետ Սամվել Լալայանը ինչ-որ համաձայնության է եկել ճանապարհներ և տարածքներ հանձնելու թեմաներով։ Մենք փորձեցինք կապ հաստատել Սամվել Լալայանի հետ։ «Ի՞նչ եք կարծում` ես որպես Արցախյան երեք պատերազմների մասնակցած փոխգնդապետ, ո՞նց կարող եմ նման մտքի հետ համաձայնել։ Սյունիքի պաշտպանության համար ամենաառաջին կանգնողներից եմ եղել ու պատրաստ եմ կանգնելու և իմ ժողովրդի կողքին լինելու»,- hraparak.am-ին ասաց Լալայանը։
-Պարոն Լալայան, հնարավո՞ր է արդյոք, որ ինչ-ինչ պայմաններից ելնելով, այժմ համաձայնեք Սյունիքի տարածքներից զիջման տարբերակին։
-Գիտե՞ք, 21 տարվա զինվորական ուղիս պատվով եմ անցել։ Երբևէ հետդարձի մասին չեմ մտածել, առավել ևս հող հանձնելու միտքն արդեն ստորացուցիչ է ինձ համար։ Բոլորը գիտեն, որ ես պայքարող տեսակ եմ, ես միշտ իմ համայնքի ու սյունեցու կողքին եմ։ Ես՝ այսօր արդեն որպես համայնքի ղեկավար, իմ թիմի հետ պատրաստ եմ պայքարել հանուն իմ հողի, իմ հայրենիքի ու մեր վաղվա օրվա։ Ցանկացած մարտական գործողության մասնակցելու ենք, քանի որ Սյունիքը հող չունի թշնամուն հանձնելու։
-Ինչու՞ նման լուրեր տարածվեցին, եւ հենց Ձեր անվան հետ կապեցին։
-Չգիտեմ, չեմ կարող ասել, թե ում շահերից ելնելով այս շոուն բեմադրվեց։ Ո՞նց հնարավոր է սատարել հող հանձնողներին, կամ իմ կողմից նման թեմա անգամ շոշափվեր։ Ես դավաճաններին չեմ ներում, ինչ մնաց կողմ լինեմ նման դավաճանությանը։ Մի բան էլ ասեմ՝ պատմությունը չի ներում դավաճաններին, այսօր եթե մենք ոտքի չկանգնենք ու միասնաբար չպայքարենք Սյունիքի համար, վաղը չենք կարող նայել մեր երեխաների ու թոռների աչքերի մեջ։ Սյունիքը մերն է ու մերն էլ լինելու է, իսկ որոշ շոումեններին կոչ եմ անում միանալ հայրենիքի պաշտպանությանը, այլ ոչ թե նման թատրոնով ուշադրություն շեղել գլոբալ հարցից։
Հիշեցնենք, որ Սամվել Լալայանը նոյեմբերին համայնքի ղեկավար ընտրվեց «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության կողմից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը