Չենք տեսել, որ Էջմիածինը բարեփոխումներից թմբկահարվի, իշխանությունները միայն ասֆալտի մասին են խոսում։ Մենք խոսում ենք հայրենիքից, զինվորից, Արցախից, հոգևոր ու ազգային արժեքներից, իշխանությունները խոսում են ասֆալտից։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում Էջմիածին դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Սևակ խաչատրյանը։
Ինչ ասում ենք, ասում են՝ ասֆալտ ենք արել, իսկ ինչու պետք է ասֆալտ չանեք, երբ ՀՀ արտաքին պարտքը վերջին երեք տարում գրեթե 3 միլիարդով ավելացել է։ Արտաքին պարտքի հաշվին անել ասֆալտ ու ժողովրդին հրամցնել դա որպես լավություն, որպես բարեփոխում, մեղմ ասած՝ ճիշտ չէ։
Մեր զրուցակիցը նաև նշում է, որ շինթույլտվությունները, որոնց մասին իշխանությունները ևս այդքան սիրում են խոսել, բարեփոխում անվանելը ճիշտ չէ, որովհետև դա իրականում հենց համայնքապետարանի գործն է։
Ինչ վերաբերում է ընտրվելու դեպքում իր անելիքներին, ընդդիմադիր թեկնածուն խոստանում է իրենց առաջնային քայլերից մեկը որպես համայնքային իշխանություն պետք է լինի Մայր Աթոռի հետ սերտ համագործակցությունը։ Նա խոստանում է նաև լուծել երկար ժամանակ չլուծված աղբահանության, մանկապարտեզներում տարիներով հերթագրումների և այլ հարցեր։
Իսկ մինչ ընտրությունները, Սևակ Խաչատրյանը նշում է, որ պետք է կարողանան ուշադիր լինել, որպեսզի իշխանությունը հնարավորինս քիչ վարչական ռեսուրս օգտագործի և որևէ քվե չկեղծվի։ Իսկ վարչական ռեսուրս իշխանությունն արդեն սկսել է կիրառել և ճնշումներ գործադրել ընդդիմադիր թեկնածուների հարազատների դեմ՝ ասելով, որ, եթե ընդդիմությանն ընտրեն, իրենց կհեռացնեն այս կամ այն պետական հաստատությունից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը