ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է
«Արմեն Գրիգորյանը, հավանաբար, կանցնի նոր աշխատանքի․ հաջորդ քայլում Հայաստանում պետք է բացվի Ադրբեջանի դեսպանություն
Հայաստանի տարածքում Ադրբեջանի սահմանային անցակետի բացումը ունենալու է իրավական հետևանքներ։ Սահմանային անցակետի հիմնական գործառույթը դրանով անցնող անձանց փաստաթղթային ստուգումը, նրանց տվյալների արձանագրումը և վերահսկողությունն է։ Ակնհայտ է, որ բոլոր այն անձինքն, ովքեր փորձեն անցնել ՀՀ տարածքի այդ հատվածով ստիպված պետք է լինին Ադրբեջանի սահմանային ծառայության աշխատակիցներին ներկայացնել իրենց անձնագրերը։ Բնականաբար, նրանք կթույլատրեն այդ տարածով անցնել միայն այն անձանց ովքեր ունեն Ադրբեջանի տարածք օրինական մուտքի իրավուն (Ադրբեջանի VISA կամ դրանց ազատված լինելու իրավունք)։ Բնականաբար, Հայաստանի քաղաքացիները Ադրբեջանի մուտքի իրավունք չունեն և առայժմ չեն կարող ունենալ։ Ստացվում է, որ այսօրվանից, ճանապարհի այդ հատվածով կարող են անցնել միայն օտարերկրացիներ, ովքեր ունեն Ադրբեջանի մուտքի իրավունք, իսկ նրանց բեռները կձևակերպվի «ժամանակավոր ներմուծում արտահանման նպատակով» մաքսային ռեժիմով։ Ակնհայտ է, որ այն բեռները, որոնց վերջնական հասցեակետը Հայաստանն է կարող են ունենալ խնդիրներ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն չունեն բեռնափոխադրումները և առևտրաշրջանառությունը կարգավորող որևէ միջպետական համաձայնագրեր։ Այսինքն` ադրբեջանցիները կթույլատրեն, օրինակ, իրանական այն բեռնատարների մուտքն այդ տարածք, ովքեր տարանցիկ բեռներ են փոխադրում երրորդ երկրներ։
Որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան անցնել ճանապարհի այդ հատվածով, ապա նրանք պետք է ունենան Ադրբեջանի VISA (մուտքի արտոնագիր)։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում բացվի Ադրբեջանի դեսպանություն, իսկ մի շարք այլ քաղաքներում հյուպատոսություններ։ Ներկա պահին Հայաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնի ամենամեծ հավակնորդը կարող է լինել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ի դեպ, այդ պաշտոնում նրա նշանակման համար Ադրբեջանի մեկնաբանություններով իրավական խնդիրներ չեն կարող առաջանալ, քանի, որ նա ծնվել է Արցախի Մարտունու շրջանում, որը Ադրբեջանցիներն իրենց տարածքն են համարում։
Փաստացի ստացվում է, որ Գորիսից դեպի Հարավ ընկած ողջ տարածքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Ադրբեջանին, ընդ որում դա կատարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոպիտ խախտումով և բանավոր հանձնարարությամբ։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովում խոստովանական ցուցմունք է տվել, որ զորքերի նահանջի հրամանն ինքն է տվել։ Դեռևս ոչ ոք չի պատասխանում այն հարցին, որ, քանի դեռ չի իրականացվել սահմանագծում և սահմանազատում, ինչպե՞ս է որոշվել հայ-ադրբեջանական սահմանը և ի՞նչ իրավունքով են ադրբեջանցիները հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Փաստացի ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն գրավոր հայտարարությամբ Արցախն է հանձնել թշնամուն, այլև բանավոր հանձնարարությամբ՝ Սյունիքը։ Նոր աղետալի զարգացումները կանխելու համար ոչ թե օր առաջ, այլ վայրկյան առաջ նա պետք է վռնդվի իշխանությունից և պատասխանատվության ենթարկվի իր բոլոր գործողությունների և որոշումների համար։ Ոչ մի ապօրինի ընտրություն կոչված խեղկատակություն չի կարող արդարացնել նրա գոյությունը իշխանության ղեկին։ Ընտրությունների արդյունքները կեղծելն ու իշխանազավթումը այլ գործողություն է, որի պատասխանատվությունն առանձին դիտարկման առարկա պետք է հանդիսանա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը