2021 թվականի հոկտեմբերի 12-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ 2021 թվականի ապրիլի 14-ին Ազգային ժողովի ընդունած՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից 8 օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
ՀՀ Սահմանադրական դատարանի կայքէջից տեղեկանում ենք, որ նշված գործով ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել, ուստի՝ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ դիմումը համարվում է մերժված։
ՀՀ նախագահն օրենքը ՍԴ էր ուղարկել այս տարվա ապրիլի 12-ին:
Արմեն Սարգսյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ մեծապես կարևորում է դատաիրավական ոլորտում բարեփոխումները և գտնում է, որ դրանք պետք է կատարվեն համակարգային ձևով՝ հստակ ռազմավարության հիման վրա՝ ընդհանուր տեսլականի շրջանակում՝ եզրակացնելով, որ առաջարկվող փոփոխություններն առերեւույթ հակասահմանադրական են:
«Այդ տեսլականը և ռազմավարությունը պետք է հիմնված լինեն գործնականում առկա և իսկապես արդիական խնդիրների, փորձագիտական ուսումնասիրությունների և միջազգային փորձի լուրջ վերլուծության վրա, առաջարկեն համակարգային և տրամաբանորեն փոխկապակցված լուծումներ՝ ուղղված դատական համակարգի դերի և գործունեության արդյունավետության բարձրացմանը, արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացմանը, ինչպես նաև դատավորների անկախության ու անձեռնմխելիության երաշխիքների ամրապնդմանը:
Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից:
Ելնելով վերոհիշյալից և ամփոփելով փորձագիտական եզրակացությունները՝ կարելի է եզրահանգել, որ Օրենքը առերևույթ հակասում է Սահմանադրությանը, ուստի Հանրապետության նախագահը որոշել է դիմել Սահմանադրական դատարան «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»,- ապրիլին այս մասին հայտարարություն էր տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը:
Դատական օրենսգրքի առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է որպես դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը, իր դատավարական իրավունքներից օգտվելիս, պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը:
Առաջարկվում է նաև Բարձրագույն դատական խորհրդին օժտել դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ՝ նախատեսելով, որ վերջինիս իրացման ուղղությամբ ԲԴԽ իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:
Նախագծի մեկ այլ կետով առաջարկվում է, որպեսզի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, Արդարադատության նախարարից և Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք ունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը