ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը «Այլընտրանքային նախագծերի խումբ» նախաձեռնության շրջանակներում հերթական հոդվածում անդրադարձել է աշխարհաքաղաքական զարգացումներին։
Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Վերջերս ակտիվորեն քննարկվում է Հարավային Կովկասում աշխարհքաղաքական երկխոսության կամ համագործակցության նոր բանաձևը`«3+3»: Այդ բանաձևն իրականում նորություն չէ, այն միշտ եղել է տարածաշրջանի հիմնական խաղացողների ոչ պաշտոնական օրակարգում: Դրան ուղղակի չէր տրվում մեծ նշանակություն, քանի դեռ Ռուսաստանին հաջողվում էր զսպել բոլոր գործընթացները «3+1» բանաձևի շրջանակներում, այսինքն՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը մի կողմից, և Ռուսաստանը՝ մյուս:
Այս դասավորությունը ԽՍՀՄ փլուզումից հետո օբյեկտիվ էր, հատկապես՝ ելնելով Ռուսաստանի ցանկությունից՝ շարունակել նախկին միության երկրներին պահել իր աշխարհքաղաքական ազդեցության ուղեծրում: Այս բանաձևի երկարակեցության առաջին ճեղքերն ի հայտ եկան 2000-ականների սկզբին, երբ սկսվեց ադրբեջանական նավթային և գազային նոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, ինչպես նաև տարածաշրջանում նոր հաղորդակցությունների կառուցումը: Հետո՝ Վրաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը: Այս բանաձևը խոր ճեղքվեց 2008-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո: Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմը սկիզբ դրեց տարածաշրջանում նոր, մեծ աշխարհքաղաքական վերափոխման գործընթացին և «3+1» բանաձևի իրական կորստին:
Արդյունքում՝ Ռուսաստանի կողմից հետխորհրդային տարածքի համար ստեղծված ինտեգրացիոն նախագծերը կիսատ են մնում, առաջին հերթին՝ շատ երկրների չմասնակցության տեսանկյունից: Այդ ինտեգրացիոն կազմակերպություններում չկա գաղափարական և անկեղծ համերաշխություն, չկա ընկալում՝ դրանց գոյության ընդհանուր օգուտի մասին, փոխարենը՝ կա գիտակցում, որ դրանք անհրաժեշտ են Ռուսաստանին: Դրանց ներսում աճում է «բլոկային բաղադրիչը», այդ թվում՝ կրոնական հիմքի վրա: Արդյունքում, կրկին, էական խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմը շարունակում է մնալ երկկողմ փոխգործակցությունը, մեր դեպքում ՝ ռուս-հայկական:
«3+1» բանաձևի թուլացումը պետք է հանգեցներ այլ խաղացողների ձգտումների ուժեղացմանը՝ առաջացած հնարավորությունները լրացնելու նրանց շահերով: Շատերը միշտ առաջին հերթին հիշում են ԱՄՆ-ին և ԵՄ-ին, բայց իրականում ամենաակտիվ առաջխաղացումը կատարեց Թուրքիան: Մինչ Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն առաջ էին քաշում ընդհանուր անվտանգության, մարդու իրավունքների և տարածաշրջանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման խնդիրները, թուրքական ռազմաքաղաքական էլիտան (նկատի ունեցեք, ոչ թե ղեկավարությունը, այլ՝ էլիտան) ինտենսիվորեն կիրառում էր տնտեսական և մշակութային-կրոնական ընդլայնման գաղափարախոսությունը: Էրդողանը և նրա թիմը կարողացան ժամանակին պատրաստվել պոտենցիալ փոփոխությունների՝ տարածաշրջանում ավելի շահավետ, նոր, երկարաժամկետ աշխարհքաղաքական դասավորություն ստանալու համար: Ավելին, թուրքական էլիտայի ամբիցիաները չեն սահմանափակվում միայն թյուրքական աշխարհով և Հարավային Կովկասով, դրանք դուրս են գալիս նախկին Օսմանյան կայսրության սահմաններից:
Իրանը, գտնվելով ամերիկա-իսրայելական և սաուդական ուշադրության և ճնշման ներքո, ակտիվորեն ներգրավված չէր Հարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացներում, չնայած այստեղ բոլոր խաղացողները հիանալի հասկանում և գիտակցում էին իրանական կողմի կարմիր գծերը և փորձում էին դրանք չանցնել: Իրանը, գիտակցելով նաև այստեղ Ռուսաստանի պատմական առանցքային դերը, մտահոգություն չուներ, քանի դեռ նման դերը կասկածի տակ չէր դրվել ուրիշների կողմից:
Հիմա՝ «3+3»-ի մասին: 2020 թվականի մարտին հրապարակվեց Carnegie Endowment հետազոտողների զեկույցը հետխորհրդային որոշ պետությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ: Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը հեղինակները կոչում են միջանկյալ պետություններ, քանի որ դրանք գտնվում են Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Ուսումնասիրության մեջ առանձին գլուխ է նվիրված Հարավային Կովկասում անվտանգության նոր ճարտարապետության խնդիրներին: Ընդհանուր առմամբ՝ հեղինակներն առաջարկում են. առաջին հերթին, որ բոլոր միջանկյալ պետությունները դաշինքներից դուրս լինեն և ունենան ընդգծված չեզոք կարգավիճակ, երկրորդ՝ հարցերի քննարկման և լուծման համար ստեղծել «3+3» նոր ձևաչափ, որը կներառի Հարավային Կովկասի երեք երկրները, ինչպես նաև՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն: Նկատեք, որ այս բանաձևում չկան Թուրքիան և Իրանը: Տարածաշրջանի երկրների չեզոքության կարգավիճակը և աշխարհաքաղաքական երկխոսության նոր ձևաչափը, ըստ էության, ուղղված են առաջին հերթին Ռուսաստանի չեզոքացմանը:
Համեմատենք երկու բանաձևերը՝ նույն պարամետրերով՝ “3+3”: Ռուսական բանաձև. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, գումարած՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան: Արեւմտյան բանաձեւ. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան գումարած՝ Ռուսաստան, ԱՄՆ եւ ԵՄ:
Առանձին թեմա է`«3+1»-ից դեպի «3+3» աշխարհքաղաքական դասավորության հիմնական բանաձևի փոփոխության դինամիկան և պատճառները: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ մենք չենք կարող խուսափել նաև «3+3+2» բանաձևի քննարկումից:
Մի բան ակնհայտ է, որ այս բոլոր բանաձևերն այս կամ այն չափով ոտնահարելու են մեր պետական ինքնիշխանությունը, նեղացնելու են մեր ազգային կարողությունների և շահերի շրջանակը, և մենք հայտնվելու ենք այլ խաղացողների ձգտումների և ցանկությունների տիրույթում, երբեմն՝ շատ հակասական և անկայուն: Ցանկացած պետական ինքնիշխանության որակը և ծավալը որոշող հիմնական գործոնը պետության տիտղոսակիր ազգի պատրաստակամությունն ու կարողությունն է՝ այն պաշտպանել արտաքին ապառնալիքներից, և, առաջին հերթին, պետական սահմաններն ինքնուրույն պաշտպանելու կենսունակությունը: Սա նաև էլիտաների պատասխանատվությունն է՝ պետության ներկայի և ապագայի համար, եթե ցանկանում են այն տեսնել լիարժեք անկախ:
«3+3»-ը մեզ համար նոր մարտահրավեր է, կարող է դառնալ նոր իրականություն՝ մինչև վերջ չհասկացված, չհաշվարկված։ Մենք, որպես պետություն, չենք կարող սպասել իրադարձություններին, գնալ դրանց հետևից։ Հիմա մեզ համար չափազանց կարևոր է իրավիճակի ճիշտ գնահատումը. որո՞նք են մեր ռեսուրսները, որոնք թույլ կտան՝ դառնալ գործոն։ Ըստ իս, դրանք երեքն են.
- ներքին խորքային ռեֆորմացիան. դառնալ ավելի ժամանակակից պետություն։
- Հայկական աշխարհը. գեներացնել աշխարհասփյուռ հայության միավորման նոր ալիք։
- Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում գտնել նոր բովանդակային լուծումներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը