Ցավոեք, մենք հաճախ ենք հանդիպում, երբ պաշտոնյան, տարբեր պատճառներից ելնելով, փոխում է սկզբունքներ, փախչում է խոսքից։ Բայց երկրի բարձրագույն պաշտոնյայի դեպքում սա պարզապես դավաճանություն է։ Առանձնացրել ենք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ վարչապետ եղած տարիներից երեք ելույթ, որոնք խիստ հակադրվում են նրա այսօրվա կեցվածքին։
2013թ․ մայիսի 9-ին լրագրողը հարց է տալիս, թե պատկերացնո՞ւմ է մի ժամանակ, որ Շուշիում չեն լինի ավերակներ։ Արայիկ Հարությունյանը պատասխանում է․ «Այսօր էլ հնարավոր է ձերբազատվել ավերակներից, բայց քանի որ այդ ավերակների մեծ մասը պատմական արժեք են ներկայացնում, մենք դա պահում ենք հետագայում վերականգնման համար։ Ռեստավրացիոն աշխատանքներով պետք է վերականգնենք, դրա համար ձեռնպահ ենք մնում քաղաքն ավերակներից կարճ ժամանակնրում ազատելու քաղաքականությունից։ Փոխարենը երկարաժամկետ վերանորոգման ուղղությունն ենք ընտրել։ Եթե հիշեք 5 տարի առաջ և այսօր, կերպարանափոխվել է»։
Կրկնենք՝ սա ասում էր 2013 թվականին՝ սրանից շուրջ 8 և կես տարի առաջ։ Դրանից հետո Շուշին էլ ավելի է գեղեցկացել, կառուցվել են նոր շենքեր, բիզնես նախագծեր են իրականացվել։ Երբ Նիկոլ Փաշինյանը Լիտվայում ասաց, իսկ ՀՀ ԱԺ-ում կրկնեց, թե Շուշիում բացարձակապես ներդրում չի արվել 25 տարի, Արայիկ Հարությունյանը պետք է լիներ առաջին հակադարձողը։ Բայց մնաց լուռ։
2016թ․ մարտի 15-ին Արայիկ Հարությունյանն ասում է․ «Ես ինքս եմ տեղափոխվելու Շուշիում բնակվելու․ ունեմ համապատասխան տարածք, և շուտով կսկսվի շինարարությունը, որովհետև ես շատ ոչ միայն կարևորում եմ, այլ սիրում եմ Շուշին։ Այն աուրան, տրամադրությունը, որ ես ստանում եմ Շուշիում, այլ բնակավայրերում չեմ ստանում»։
Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայից հետո բազմիցս ասել է, թե Շուշին դժբախտ էր ու դժգույն և մեզ պետք չէր, իսկ Արայիկ Հարությունյանը որևէ անգամ չհակադարձեց։ Լուռ համաձայնեց։
Միայն Շուշիի դեպքում չէ, որ Արայիկ Հարությունյանը դավաճանել է իր խոսքերին, չասենք սկզբունք, որովհետև վստահ չենք, որ դա իր համար սկզբունքային է։ 2016թ․ մայիսի 3-ի հարցազրույցում լրագրողի դիտարկմանը, թե՝ ազագրված տարածքները ԼՂՀ սահմանադրության մաս են և եթե որևէ տարածք հանձնվի, կխախտվի սահմանադրությունը, Արայիկ Հարությունյանը պատասխանում է․ «Դրա համար ցանկացած տարածքային փոփոխություն պետք է սահմանադրությամբ լինի, պետք է ժողովուրդն իր հանրաքվեով տա լիզազորությունը։ Ցանկացած պաշտոնյա սովորական քաղաքացի է։ Փաստաթուղթը ստորագրելիս պաշտոնյայի ձայնը վճռորոշ չէ, ժողովրդի ձայնն է վճռորոշ լինելու»։
2020 թվականի նոյեմբերի 9-ին, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, ավելին՝ թքած ունենալով ժողովրդի կամքի վրա, Նիկոլ Փաշինյանը թաքուն ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթը․ հետո Արայիկ Հարությունյանն ասաց, որ համաձայնություն է տվել դրան։
Իսկ ո՞ւր մնաց ժողովուրդը․․․
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը