Ասիական շուկան եվրոպական շուկային ցամաքային կապով միանալու ծրագիրը կարելի է բնութագրել 21-րդ դարի մեգա աշխարհաքաղաքական նախագիծ, որն իր տնտեսական ներուժով և հնարավորություններով ի զորու է իրար դեմ հանել աշխարհի գերհզոր կենտրոններին և հավակնում է դառնալ նոր աշխարհակարգի աշխարհատնտեսական հիմքը: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Չինաստանի և Հնդկաստանի կողմից եվրոպական շուկայի հետ միանալու առևտրային նոր մագիստրալների նախագծման շրջանում առաջ եկավ երկու նախագիծ՝ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք, ինչը հանգեցրեց թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ գործողությունների մեր տարածաշրջանում՝ ընդդեմ Իրանի և Հայաստանի:
Հյուսիս-հարավ նախագիծը ենթադրում է Պարսից Ծոցը ցամաքային ճանապարհով կապել Սև ծովի հետ՝ Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով, որին աջակցում են Հնդկաստանը, մասամբ Չինաստանը, մայրցամաքային Եվրոպան և ԱՄՆ նեոկոնսերվատիվ (իռլանդական և հակահրեական) քաղաքական-տնտեսական իսթեբլիշմենթը:
Արևելք-արևմուտք նախագիծը ենթադրում է Կասպից ծովը կապել Սև և Միջերկրական ծովերի հետ, և այդ ճանապարհը պետք է անցնի Հայաստանի հարավով, որը թուրքերն անվանում են «զանգեզուրի միջանցք»:
Այս նախագծին աջակցում են Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Թուրքիան, Պակիստանը, ԱՄՆ հրեական ազդեցության տակ գտնվող քաղաքական-տնտեսական իսթեբլիշմենթը:
Ուժերի հարաբերակցությունը գրեթե հավասար է և որոշիչ ձայնի իրավունք ունի Ռուսաստանը, որը դեռ վերջնականապես չի արտահայտել իր դիրքորոշումը, սակայն չի բացառվում, որ այդ որոշումն արդեն ընդունված է և կհրապարակվի վերջին պահին՝ փոխելով ուժերի հարաբերակցությունը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Ադրբեջանն այս ընթացքում կենտրոնացել է Հայաստանի հարավը հյուսիսին կապող ռազմավարական նշանակության ճանապարհների նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու և դրանք որպես տարանցիկ կոմունիկացիա վերացնելու աշխարհաքաղաքական խնդրի վրա՝ առաջ բերելով «Սովետական Հայաստանի» սահմանների կեղծ և հակահայկական ձևաչափը:
Այս ձևաչափի շրջանակներում Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանից վերցնել, այսպես կոչված, անկլավները, որոնց տարածքով են անցնում Երևանը Թբիլիսիին և Թեհրանին կապող ավտոճանապարհները, որտեղ կհայտնվեն ադրբեջանական ոստիկանական ուղեկալներ և կարգելվի իրանական բեռների շարժն այդ ճանապարհներով:
Իրանի կողմից Ադրբեջանի սահմանի ամբողջ երկայնքով իրականացվող ռազմական վարժանքները, իսկ իրականում զորքի և զինտեխնիկայի աննախադեպ կուտակումն ու«Ադրբեջան» պռոեկտի համար իրական սպառնալիքի ստեղծումը նպատակ ունի ուժով երաշխավորել հյուսիս-հարավ ուղղության անխափանությունը և Իրանի հյուսիսային կապը արտաքին աշխարհի հետ:
Թուրքիան ևս ձեռքերը ծալած չի նստել և Վրաստան է գործուղել իր գլխավոր գործակալին՝ Միխեիլ Սահակաշվիլիին, ում առջև խնդիր է դրվել ապակայունացնել իրավիճակը Վրաստանում և դուրս հանել այս պետությունը հյուսիս-հարավ նախագծից՝ վերջնականապես փլուզելով դրա կենսագործման աշխարհագրական բաղադրիչը:
Իսկ ի՞նչ է անում այս իրավիճակում պաշտոնական Երևանը, երբ տարծաշրջանը վեր է ածվել վառոդի տակառի և ցանկացած պահի կարող է պայթեցնել ինչպես Հայաստանն ու ամբողջ տարածաշրջանը, այնպես էլ համաշխարհային անվտանգության համակարգը:
Մեծ հաշվով ոչինչ, անհասկանալի ծագման ֆեյք «մայր Թերեզայի» կերպարով Հայաստանի տարածքների հաշվին անշրջելի խաղաղության դարաշրջան է բացում տարածաշրջանի համար և «սովետական Հայաստանի» քարտեզով Ադրբեջանին է հանձնում Հայաստանի տարանցիկ ամբողջ ենթակառուցվածքային ներուժը:
Հ.Գ. Չգիտեմ սա Հայի բախտ է՞, որ այս ճակատագրական շրջափուլում Հայաստանը ղեկավարում են փողոցային անգրագետ հեղափոխականներ, թե՞ ուղղակի ուղղակի մեզ պարտադրված իրականություն՝ Հայաստանը քարտեզի վրայից ջնջելու և Հային քոչվոր ազգ դարձնելու թուրքական պատմական առաքելությամբ»,-գրել է Ղազինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը