23 09 2021

«Խեղճ Նիկոլը» և «30 տարվա» հեքիաթների վկաները․ 7or.am

«Խեղճ Նիկոլը» և «30 տարվա» հեքիաթների վկաները․ 7or.am

7or.am-ը գրում է․ Նիկոլական քարոզչությունը փոխել է իր ոճը։ Եթե մինչև 2020–ի նոյեմբերյան կապիտուլյացիան գերակայում էր պոզիտիվը և «Նիկոլ–ամենակարողի» միֆը, ապա դրանից հետո շրջանառության մեջ մտավ «խեղճ Նիկոլն ի՞նչ կարող էր անել»–ը, որին զուգահեռ «հպարտներին» մատուցվեց «30 տարվա» հեքիաթը։

Հիմա նիկոլական քարոզչամեքենան հիմնականում նեգատիվի մեջ է աշխատում։ Ասում են՝ Նիկոլը խեղճ հարիֆ է, միգուցե նաև վատն է, բայց դե իրեն նախորդողներն էլ էին վատը։ Այսինքն՝ փորձ է արվում հավասարության նշան դնել Նիկոլի բերած ավերածությունների ու նախկին բոլոր ղեկավարների թույլ տված սխալների միջև։ Հենց այդ նպատակով էլ ծնվել է «30 տարվա» հեքիաթը, որպեսզի «հպարտ» քաղաքացիներին կերակրեն դրանով, իսկ Նիկոլին էլ՝ արդարացնեն։

Հարկ է նկատել, որ այդ քարոզը որոշակիորեն տվել է իր արդյունքը։ Զոմբիացած զանգվածը թութակի պես կրկնում է «30 տարվա» մասին հեքիաթը։ Այդ հեքիաթը հրամցվում է նաև քաղաքական հայտնի շրջանակների կողմից, բայց արդեն շահադիտական նպատակով։

Օրինակ՝ գործարար Ռուբեն Վարդանյանը Նիկոլի գործողությունները գնահատելիս «30 տարվա» հեքիաթի թեզերից է օգտվում։ Վարդանյանը շատ լավ գիտի, որ Նիկոլի իշխանության տարիներին արձանագրված խայտառակությունն ու ողբերգությունը համեմատելի չէ միասին վերցրած նախկին բոլոր նախագահների արած սխալների հետ։ Գիտի, բայց օգտվում է նիկոլական քարոզչամեքենայի թեզերից ու փորձում լավը երևալ՝ թաքնվելով նիկոլական հաճախորդներ, օգտագործված գործիքներ Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի հետևում։

Եթե Վարդանյանը ցանկանում է կայացնել իր քաղաքական նախագիծը՝ օգտվելով նիկոլական քարոզչամեքենայի թեզերից ու միաժամանակ դիստանցավորվել Փաշինյանից, ապա դա չի ստացվելու, քանզի նիկոլական թիմի թերմացքով նորը չես կարող երևալ։ Այնպես որ ճիշտ կլինի սեփական թեզերը հորինել։

Հ․Գ․։ Ռուսաստանում որոշակի ֆինանսական հնարավորություններ ձեռք բերած հաջողակ խոպանչիներից ոմանք երբեմն փորձ են անում Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվել, այսինքն՝ մեզ մոտ քաղաքական խոպանչիություն անել։ Այդպիսին էր Սերժ Ջիլավյանը։ Հետո ծլեց Արկադի Վարդանյանը։ Ի հայտ եկավ Կարապետիչը և այդպես շաարունակ։

Հիմա էլ քաղաքական խոպանչիների պակաս չկա։ Ու այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մեզանում պետական ինստիտուտներն ու քաղաքական համակարգը չի կայացել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ