21 01 2020

Ո՞վ է «մենքը», և այդ ի՞նչ «հեքիաթ»ի մեջ էր ապրում․ Վահան Իշխանյան

Ո՞վ է «մենքը», և այդ ի՞նչ «հեքիաթ»ի մեջ էր ապրում․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․

««Հայկական ժամանակ» թերթում գրող Վահրամ Մարտիրոսյանի հարցազրույցի սկիզբը կարդացի, ու էլ չկարողացա շարունակել, ինչո՞ւ։ Մարտիրոսյանը ասում է. «Երջանկությունն ազատությունն է: Մենք հեքիաթի մեջ ենք ապրում: Արդեն երկրորդ անգամ: 1988, 2018: Իհարկե, ավելի լավ էր սովետական փորձագիտարանում չծնվել, որից մեզ ազատեց 1988-ի հեքիաթը՝ աշխատանքային ճամբարը, որ Բորիս Գրոյսը կոչում է «փորձ, էքսպերիմենտ», փորձանք դարձավ միլիոնների, տասնյակ միլիոնների գլխին: Իսկ Սովետի ուշ տարիներին, երբ մեծ գաղափարները մարած, շահարկված էին, կայուն ծանր տնտեսական վիճակը ծնեց ցինիզմ, հեդոնիզմ, դեֆիցիտի պայմաններում արտառոց սովետական սպառողականությունը, որոնցից պրծում չունեցավ մի քանի սերունդ: Իհարկե, ավելի լավ էր, փաստացի 1990-ին ստեղծված անկախ պետությունը նույն տասնամյակի վերջում չզավթվեր գիշատիչ կապիտալիստների վերածված սովետական միջին օղակի կուսակցականների՝ Քոչարյանի, Սերժի կողմից, որպեսզի հետո 2018-ը մեզ ազատեր, բայց երջանկություն է, որ էդ հեքիաթը եղավ»։

Ո՞վ է «Մե՞նք»-ը որ «հեքիաթ»ի մեջ էր ապրում 1988-1998 թվերին, քանի որ սովետական միլիոնավոր քաղաքացիներ միայն դժբախտացել են սովետական միության փլուզումից, և Սովետը հիշում են որպես լավ տարիներ։

Մարտիրոսյանն ասում է, որ 1-ին հեքիաթը տևել է 1990-ից մինչև 1998 թիվը, մինչև այն պահը, երբ իշխանությունը «զավթեցին միջին օղակի կուսակցականները»։Տեսնենք, թե այդ ի՞նչ հեքիաթ էր 1990-1998 թվերին և ո՞վ էր իշխանության։

1992-1997 թվերին պաշտոնական տվյալներով մոտ 600 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից, Խորհդային վերջին տարիներին, երբ երկրի բնակչությունը կես միլիոնով ավելի էր, մահերը ավելի քիչ էին, այսպես ըստ վիճակագրության ծառայության տվյալների, 1986-ին մահացել է 19410, իսկ «հեքիաթ» 1997-ին՝ 23984։Ծնունդներն էլ 1986-ին եղել է 81192 ծնունդ, իսկ «հեքիաթ» 1997-ին՝ 43929 ծնունդ, այսինքն՝ երկու անգամ պակաս։

Մի երկրում, ուր սով չկար և տնտեսապես մարդիկ գրեթե հավասար էին ապրում, Սովետի վերացումից վեց տարի անց, «հեքիաթ» 1996 թվին, ըստ ՄԱԿ֊ի տվյալների, 23,9 տոկոսը ապրում էր ծայրահեղ աղքատ, 82,4 տոկոսը վատ, միայն 13,2 տոկոսն էր բավարար, և 4,4 տոկոսը լավ կամ շատ լավ: Ուրեմն, գուցե այս լավ ապրողներն էին հեքիաթում հայտնվել։ 97 թվին միջին աշխատավարձը կազմում էր 28 դոլար, նվազագույն աշխատավարձը 1000 դրամ էր (2 դոլար):

իշխանության էլ եկել էր ոչ թե կուսակցական միջին օղակը, այլ ՀՀՇ֊ն գիտաշխատողներ, գրողներ, 1990-ին Գերագույն Խորհրդի, ապա 1991-ին նախագահ ընտրվեց մատենադարանի գիտաշխատող Լևոն Տեր-Պետրոսյանը, բարձրագույն բոլոր պաշտոններին նույնպես գրող ու գիտաշխատողներ էին։ Իսկ նրանց ինչպես կբութագրեն, արդյոք մարտիրոսյանական կոշտ բառերո՞վ «գիշատիչ կապիտալիստների վերածված գիտաշխատողներ ու գրողներ»։

Իսկ 1998 թվականից հետո էլ միայն երկու նախագահներն են եղել միջին օղակի կուսակցականներ, իսկ վարչապետներից կարծես ոչ մեկը, ամենաերկարը վարչապետ է եղել Անդրանիկ Մարգարյանը, որ սովետական դիսիդենտ էր։

Իսկ այն ժամանակ, երբ, ըստ Մարտիրոսյանի, «հեքիաթը» ավարտվում է, 1998-ից սկսած աղքատությունը սկսում է նվազել, 1998-ին երկրում աղքատությունը 55 տոկոս էր, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 22 տոկոս, 9 տարի անց 2007-ին աղքատությունը իջավ 25 տոկոսի, այսինքն 2 անգամ կրճատվեց, իսկ ծայրահեղ աղքատութունը իջավ մինչև 4 տոկոս, այսինքն կրճատվեց մոտ 6 անգամ։ ՀՆԱ֊ն աճել էր 6 անգամ, 1998-ին 2 միլրադ դոլար էր, 10 տարի անց՝ 2008-ին, 12 միլիարդ դոլար։

Ուրեմն, 1998-ից հեքիաթը ավարտվեց միայն նրանց համար, ովքեր կորցրեցին իշխանություն ու արտոնություններ։

Երկրոդ հեքիաթը, ըստ Մարտիրոսյանի, սկսում է 2018-ից։ Այդ «հեքիաթի» խորհդանիշներից է Կողբ գյուղում կաղ ծեր կինը, որ մոտենում է Փաշինյանին ու ասում՝ ձեր աշխատավարձերը բարձրացրիք, բա մենք ոնց ենք անելու, ամեն անգամ կենտրոն դիալիզի գնալու համար 3 հազար դրամ եմ տալիս։ Իսկ Փաշինյանն էլ պատասխանում է այ էդ ձեռիդ լավաշի համար ՀԴՄ վերցրե՞լ ես, կինը ասում է՝ թոռս է առել, Փաշինյանը չի լսում՝ այ որ ՀԴՄ վերցնես, վիճակդ կլավանա։ Թշվառ գյուղի աղքատ կինը աղքատ խանութի ՀԴՄ֊ն վերցնի, հեքիաթը կսկսվի։ Բայց, կան նաև իրոք հեքիաթի մեջ հայտնվածներ, ընդ որում՝ առանց ՀԴՄ֊ի, Իմ քայլի պատգամավորներն ու կառավարության անդամները չէին էլ երազել այն հեքիաթը, որում հայտնվել են։

Այո, և՛ 1990-ին, և՛ 2018-ին կան մարդիկ, որ հեքիաթում են հայտնվել, պատգամավոր ու նախարար դարձել, պաշտոններ ու լավ աշխատանքներ ստացել, ֆինանսական վիճակներն են բարելավել և այլն։ Ուղղակի հանրությանը թյուրիմացության մեջ չգցելու համար անհրաժեշտ էր ճշտել, թե Մարտիրոսյանը ո՞ւմ անունից է ասում՝ «մենք»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ