17 09 2021

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է պարգևավճարներից

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է պարգևավճարներից

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի սեպտեմբերի 16-ի կարգադրությամբ` Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորներին վճարվել է պարգևավճար:

Այսօր երբ հարյուրավոր անհետ կորածներ և չգտնված աճյուններ ունենք, երբ հազարավոր որդեկորույս ծնողներ չեն կարողանում հաղթահարել իրենց ցավը և վիշտը, երբ մեր բազմահազար քաղաքացիներ չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն առողջապահության պետպատվերի գումարների սպառման պատճառով, այս իշխանությունը, քաղաքացիների խնդիրները մի կողմ թողած, լծված են գունագեղ տոնակատարություններ կազմակերպելու և պարգևատրումների գործին:

«Հայաստան» խմբակցությունը խստագույնս դատապարտում է գործող վարչախմբի գործելաոճը: Խմբակցությունը չափազանց կարևորում է ազգային արժանապատվությունը և հատկապես խոցված ինքնիշխանության պայմաններում անկախության օրվա կապակցությամբ պատգամավորներին տրվող պարգևատրումները գնահատում է վիրավորանք ՀՀ քաղաքացուն:

Հաշվի առնելով, որ մենք այդ որոշումը համարում ենք ապօրինի, ինչպես նաև այն, որ այն տարածվում է նաև մեր խմբակցության պատգամավորների վրա, հայտարարում ենք, որ մենք չենք օգտագործելու այդ միջոցները, միաժամանակ պարգևավճարների օրինականությունը վիճարկելու ենք դատարանում: Բացի դրանից` կատարվածին քրեաիրավական գնահատական տալու նպատակով դիմելու ենք իրավապահ մարմիններին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ