08 09 2021

Այս մարդը բացահայտ ծաղրում է մեզ՝ որդիներին կորցրած ծնողներիս. Կարին Տոնոյան

Այս մարդը բացահայտ ծաղրում է մեզ՝ որդիներին կորցրած ծնողներիս. Կարին Տոնոյան

Իշխանության ցինիզմի հերթական դրսևորումը. «........Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այն, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։ Ես գիտեի, որ կա հոգու ցավ, բայց չգիտեի, որ կա մտքի ցավ, արյան ցավ ու ատելության ցավ.... , ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայր Կարին Տոնոյանը։

«Այս մարդը բացահայտ ծաղրում է նախ մեզ՝ որդիներին կորցրած ծնողներիս, և ստիպում, որ երակներումս արյան փոխարեն ատելության լեղի հոսի, որ զրկվենք մարդկայնորեն դատելու կարողությունից, որ հոգիներս երազի անգամ դժոխքի մասին, բայց ոչ այսպիսի նվաստացման, այսպիսի անճարության, ազգային այսպիսի անարժանապատիվ կեցվածքից տառապելու մասին:

Դուք՝ հայրենիքը դավադիր պատերազմով նվիրաբերածներդ մեր զոհված զավակների հիշատակին «գունագեղ» տոն եք նվիրում, մեզ նորից խելագարության հասցնում, մենք էլ մեր հերթին նվիրում ենք այն ձեր բոլոր դժբախտ զավակներին, ում հայրերի խղճի վրա է մեր զավակների անմեղ արյունն ու Հայրենիքի կորստի մեծագույն մեղքը: Ես ձեր զավակներին չեմ մաղթում ոչ մահ ու ոչ էլ ցավ, չէ, մաղթում եմ միայն, որ հարյուր տարի ապրեն ու հարյուր տարի ամեն վայրկյան հիշեն, որ իրենք մարդասպանների ու ազգադավների զավակներ են:

Մաղթում եմ, որ ձեր զավակները այդ բոլոր տոնակատարություններին լիաթոք մասնակցեն ու իրենց ձեռքի գինու բաժակի մեջ միշտ տեսնեն ու զգան իրենց հայրերի հեղած արյան համը:

 Մաղթում եմ, որ 100 տարվա մեջ 100 երկիր ու տուն փոխեն ու այդպես էլ չկշտանան երբեք ու չհասկանան հայրենի տան ու Հայրենիքի հարգը....

Ոչ մեկը չհամարձակվի այլևս խոսել մեր որդիների մասին կամ նրանց հիշատակին որևէ տոն նվիրել, նրանք ոչնչով ձերը չեն, նրանց ոտքերի փոշին անգամ ձերը պատվից ու գիտակցությունից կիլոմետրերով վեր ու վեհ է:

Այսուհետ խոսելիս կտաք միայն այն նահատակների անունները, ում ծնողները ձեզ կտան այդ իրավունքը: Չհամարձակվեսք խոսել բոլորի անունից, չհամարձակվեք ու չհամարձակվեք», - գրել է Տոնոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ