Aysor.am-ը գրում է․
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 6-ին Արցախի օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկամբ՝ այս զորավարժություններով նպատակ կա ցուցադրական հոգեբանական ազդեցություն գործել Հայաստանի վրա։
«Ցանկացած զորավարժություն նպատակ ունի իր զորքերի պատրաստությունը համապատասխանեցնել ու բարձրացնել այն խնդիրների կատարմանը, որ դրված է իր երկրի Զինված ուժերի նպատակների առջև։ Այսինքն՝ կատարելագործել հրամանատարական կազմի ունակությունները, մարտական պատրաստության, դաշտային վարժվածության ու ընդհանուր մարտունակության մակարդակը, իսկ զորավարժությունները, որն անցկացվում են երկու երկրների միջև, նպատակ ունեն ներդաշնակեցնել երկու երկրների ռազմական կառույցների համատեղ գործելու ունակությունները, իսկ այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերության նպատակ ունեն ու նաև վերջին տարիներին նրանց համատեղ գործողությունը տանում է նրան, որ նույնիսկ նրանց հեռահար նպատակները մեկ ընդհանուր պատրաստականություն ունեցող բանակ ունենալն է, դա խոսում է նրանց ընդհանուր հեռահար նպատակների մասին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։
«Այն, որ այդ զորավարժություններն անցկացվում են Քաշաթաղի շրջանում, դրանք նաև նպատակ ունեն ցուցադրական հոգեբանական ազդեցություն գործել Հայաստանի վրա, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմի այս պահի հեռահար նպատակը ճանապարհների ապաշրջափակումն է, կարող եմ ասել, որ գաղտնի նպատակը նաև միջանցք ունենալն է Սյունիքի հատվածով», - ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը։
Նրա խոսքով՝ այս զորավարժություններով երկու երկրները նպատակ ունեն պատրաստության մակարդակը ցուցադրել նաև տարածաշրջանային երկրներին, ինչու ոչ, նաև Ռուսաստանի Դաշնությանը, որի հետ, ըստ Օհանյանի, Թուրքիան ու Ադրբեջանը անթաքույց հեռահար նպատակներ ունեն։
«Այս իրականության մեջ Հայաստանի Հանրապետության ու նրա Զինված ուժերի խնդիրը կատարելագործելն է Ռուսաստանի հետ միացյալ զորախմբի կազմում մեր զորքերի ունակությունները, մակարդակը, պատրաստության աստիճանը, որովհետև, եթե դիմացում կա երկու երկրների ռազմավարական գործընկերություն, ապա մենք մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի Դաշնության հետ պետք է շարունակենք, ամրապնդենք։ Մենք ունենք ընդհանուր զորքերի օպերատիվ ու մարտական պատրաստութան պլաններ, միացյալ զորախմբի կազմում նաև հեռահար նպատակներ, դա պետք է ստուգվի ու բարձրացվի աստիճանը, ինչու չէ, նաև մենք էլ պետք է համատեղ զորավարժություն անցկացնենք», - նշեց Օհանյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ հայկական բանակը պետք է զարգացման պլանով իր միջոցառումներն արագ իրականացնի։
«ՀՀ ղեկավարությունը, չգիտեմ ունակ են, թե ունակ չեն, միջազգային համագործակցությունը պետք է արագ վերականգնի ոչ միայն Ռուսաստանի Դաշնության հետ, այլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հարթակում ու նաև մյուս հարթակներում», - ասաց նա։
Հարցին՝ սադրանք կա՞ այս ամենում, Սեյրան Օհանյանը նշեց, թե այս զորավարժությունները եթե հայտարարված չեն, ապա հեռահար ու թաքնված նպատակ ունեն։
«Կարծում եմ, որ այս պահին, երբ Ադրբեջանի ղեկավարությունը առաջ է մղում խաղաղության թեզը Հայաստանի Հանրապետության հետ, որը շատ ջրիկ է ու խորամանկ քայլ, այսպիսի զորավարժությունների անցկացումը կարող է նպատակ ունենալ, որ արագացնեն խաղաղության թեզի առաջ տանելը, բայց ես միշտ ասել եմ, որ եթե նույնիսկ վերջնական խաղաղության պայմանագիր կնքվի էլ Ադրբեջանի հետ, այդ խաղաղությունը չի լինելու։ Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են»,- հավելեց Սեյրան Օհանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը