ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը լրագրողի խնդրանքով մանրամասնել է 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն ընդառաջ ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հղած գրության բովանդակությունը:
Դա տեղի է ունեցել «Նոր գիտելիք» կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Այդ գրության, ըստ լրագրողի, գրված է եղել. «Էդվարդ, համաձայնվիր արարողակարգին՝ առանց հայտարարություններ անելու»:
Ինչպե՞ս այդ 6 բառը համոզեցին Ձեր հայ գործընկերոջը վերջ տալ դիմադրությանը»,- հարցրեց մասնակիցը:
«Եթե դուք փորփրել եք այդ թեման, հարկավոր է նաև համատեքստը ներկայացնել: 2008 թվականին մեր հայ բարեկամները մեզ ասացին, որ թուրքերն առաջարկում են համաձայնեցնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, հարաբերությունները կարգավորելու, համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման փաստաթղթերը: Մենք ասացինք` դա շատ լավ է, կա՞ն որոշակի նախապայմաններ: Ոչ, նախապայմաններ չկան:
Գգործը հասավ ստորագրմանը, որը պլանավորված էր Ցյուրիխում՝ Հայաստանի, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ: Այդտեղ եկել էր նաև Հիլարի Քլինթոնը, որն այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն էր, եկել էր Եվրամիության ներկայացուցիչը: Մենք պետք է այդ կարևոր իրադարձության վկաները լինեինք, սակայն ստորագրելուց առաջ մեր թուրք գործընկերներն ասացին՝ այո, մենք այդ ամենը կստորագրենք, սակայն վերապահում է առկա Լեռնային Ղարաբաղի հարցով: Վերապահման տեքստը հակասում էր Հայաստանի դիրքորոշմանը: Եվ ես ասացի իմ գործընկերոջը, որ իրեն նախազգուշացրել էի, որ այնքան էլ չեմ հավատում, որ այդ ամենը տեղի կունենա առանց նախապայմանների: Բայց մենք հայտնվել էինք այնտեղ, որտեղ հայտնվել էինք: Արդեն բոլորը հավաքվել են, և՝ փակուղի: Արդյունքում թուրք գործընկերը համաձայնվեց հետ կանչել այդ ֆորմալ պայմանը, բայց հայ գործընկերներն ասում էին, որ պետք է հայտարարություն անեն, որում Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Այդ ժամանակ թուրք նախարարն ասաց, որ եթե դու հայտարարություն անես, այդ դեպքում ես էլ հայտարարություն կանեմ: Մենք նստած էինք, այդ ժամանակ ֆուտբոլ էինք նայում, իսկ երկու նախարարները մինչև ուշ գիշեր վիճում էին: Մենք արդեն հասկանում էինք, որ պետք է որևէ կերպ դուրս գանք այդ իրավիճակից, և ես նրան (ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին-խմբ.) գրություն գրեցի, որ չպնդի մեկնաբանության թեման: Եվ այդպես էլ եղավ: Արդյունքում փաստաթղթերը ստորագրվեցին»,- պատմել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
ՌԴ ԱԳ նախարարը հավելեց՝ հիմա, երբ ԼՂ-ում պատերազմն ավարտվել է, կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հիմքերը, տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն ջանքերը հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Լավրովը շեշտեց, որ իրենք պատրաստ են ամենաակտիվ ձևով աջակցել դրան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը