Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ և Արցախի նախկին նախագահների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ջանքերով Արցախում հաղթանակի կերտմանն ու այն ցավալի իրականությանը, որը ստեղծվեց ՀՀ գործող իշխանությունների օրոք։
Արտակ Զաքարյանն, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ Արցախը վերածնվելու է։
«Լևոն Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան։
Այս մարդկանց ղեկավարությամբ, առաջնորդությամբ, և նրանց բազմաթիվ նվիրյալ թիմակիցների կյանքի գնով և ջանքերով ազատագրվեց, հռչակվեց, կայացավ և զարգացավ Արցախի Հանրապետությունը։ Հպարտություն, հզորություն, ապահովություն, կայունություն, ոգևորություն ապրեցինք բոլորս։
Նիկոլ Փաշինյան։ Այս մարդու ղեկավարությամբ, և իր թիմի ջանքերով, մենք կորցրեցինք մեր 29 տարիների համազգային կենսագրությունը։ Կորցրեցինք Արցախի Հանրապետության գոյաբանական հենքը, կենսագործունեության տարածքը, հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգության ամուր պատնեշը, ապահով և կայուն զարգացման հեռանկարները։
Մենք կորցրեցինք մեր համազգային ոգևորության աղբյուրը, կորցրեցինք մեր հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության յուրօրինակ հատվածը։ Մենք կորցրեցինք արյունով պահված և պաշտպանված Հայրենիքի մի մասը։ Մենք կորցրեցինք տնտեսական մի ողջ կարողություն, մենք կորցրեցինք մեր աշխարհաքաղաքական դերը։ Մենք կորցրեցինք մեր հեղինակությունն ու վստահությունը։
Այսօր, շնորհիվ Ռուսաստանի խաղաղապահների և անձամբ նախագահ Պուտինի անձնական ջանքերի, մենք այնուամենայնիվ ունենք մի կտոր Արցախի Հանրապետություն։ Եվ այն հայկական է, հայեցի ու հայալեզու է։
Պայքարը շարունակվում է։
Ամեն ինչ դեռ առջևում է և վերածնունդ լինելու է», - գրել է Զաքարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը