01 09 2021

Արմեն Չարչյանի դեպքում վտանգված են մարդու կյանքի և արդար դատավարության իրավունքը. Լարիսա Ալավերդյան

Արմեն Չարչյանի դեպքում վտանգված են մարդու կյանքի և արդար դատավարության իրավունքը. Լարիսա Ալավերդյան

Արմեն Չարչյանի նկատմամբ հաշվի առնելով իր առողջական վիճակը, դաժան վերաբերմունք է ցուցաբերվում,  այստեղ չի կարող լինել երկու կարծիք։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, նկատելով պետք է անհապաղ վերանայվի պրոֆեսորի խափանման միջոց կալանքը։

Նշենք, որ երեկ պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը սրվել  է։ Պրոֆեսորը սրտամկանի սուր կաթված է տարել հենց կալանավայրում։

«Խախտումները վերաբերվում են Եվրոպական կոնվենցիայի բոլոր այն հոդվածներին, որտեղ խոսքը գնում է  այդ մարդու կյանքի, մարդու արդար դատավարության իրավունքի և այս երկու իրավունքներն էլ տվյալ դեպքում վտանգված են։ Այդ առումով հորդորում եմ մեր իրավապահ և դատական մարմիններին թողնել մի կողմ ամեն ինչ, որովհետև իշխանությունները անցողիկ են, և լինել հավատարիմ միջազգային իրավունքին  և ազգային օրենսդրությանը։ Չարժե ընկնել անցողիկ իրավիճակների հետևից»,- նշեց Ալավերդյանը։

Իրավապաշտպանի խոսքով, իշխանությունները Արմեն Չարչյանին հատուկ են ընտրել և հատուկ են նախքան դատավճիռը անազատության մեջ պահելով պատժում․

«Արմեն Չարչյանը շատ հստակ դրսևորել է իր մոտեցումները այս իշխանությունների նկատմամբ՝ արտահայտելով բավական տարածված կարծիք, որ այս իշխանությունները  չեն կարողանում ապահովել պետական անվտանգությունը, և նաև պարոն Չարչյանը հայտնել է իր կարծիքը, թե ում է սատարում։ Արտահայտել կարծիքը և տարածել կարծիքը՝ այս երկուսը մարդու իրավունքների սուրբ արտահայտումն է։ Չարչյանը պատահական չի ընտրված, նա բավական հայտնի  գիտնական է, բժիշկ է, ղեկավար, հիմա այդպես ցույց են տալիս՝ նայեք հա՜, եթե մենք այդպես ենք վերաբերվում ոչ շարքային քաղաքացուն, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանենք մենք մնացածի հետ։ Սա ավելի շատ զգուշացում է այլոց, որ ռիսկ չանեն արտահայտել իրենց կարծիքը, որը բացական է այս իշխանությունների վերաբերյալ։ Սա  մեթոդ է որը կիրառվում է ոչ առաջին անգամ։ Նույնը կարելի է ասել նաև Սյունիքի համայնքապետերի մասին»,-եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ