7or.am-ը գրում է․
«Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից քարեր նետվեցին Վազգեն Սարգսյանի ուղղությամբ: Դա գաղափարական հարձակում էր:
Մեղադրանքն այն էր, որ նա որպես պաշտպանության նախարար խառնվել է ներքաղաքական կյանքին, նախաձեռնել է 1998-ի իշխանափոխությունը:
Ուշադրությո՛ւն դարձրեք, Վազգեն Սարգսյանին մեղադրում են, որ նա խառնվել է քաղաքականությանը 1998-ին, բայց «մոռանում» են, որ նույն Վազգեն Սարգսյանը քաղաքականությանը խառնվել է նաև 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ՝ տանկեր մտցնելով Երևան ու հայտարարելով, որ եթե ընդդիմությունը նույնիսկ 100 տոկոս ձայն հավաքեր, ապա միևնույն է իրենք իշխանությունը չէին հանձնելու:
1996-ին ներքաղաքական կյանքին խառնվելը բացառապես վերաբերում էր իշխանության հարցին, իսկ ահա 1998-ին կար Արցախի հարց ու հենց այդ պատճառով եղավ իշխանափոխություն: Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր խնդրի փուլային լուծում, որը, ըստ էության, նշանակում էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնել: Չկար կարգավիճակի հարց ու կային միայն տարածքային զիջումներ հայկական կողմից:
Տեր-Պետրոսյանի առաջարկը տեղավորվում էր «Տարածքներ՝ խաղաղության դիմաց», իսկ նրա ընդդիմախոսներինը՝ «Տարածքներ՝ Արցախի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի իրացման դիմաց» բանաձևի մեջ:
Նիկոլենք հիմա քննադատում են Վազգենին 1998-ի համար, ինչով անուղղակիորեն դառնում են Նաիրի Հունանյանի գաղափարակից, ով ահաբեկչական ակտ իրականացրեց ու սպանեց Վազգեն Սարգսյանին:
ՔՊ-ից Վազգեն Սարգսյանի հասցեին հնչող քննադատությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք գործ ունենք քիրվայամետ իշխանության հետ: Սրանք Տեր-Պետրոսյանի գաղափարական հետևորդներն են, և հակամարտության փուլային լուծման ծրագիրը կյանքի կոչեցին արյան գնով (ի դեպ, խաղաղություն միևնույն է չհաստատվեց, քանզի Ադրբեջանի ախորժակն արդեն Սյունիք ու Երևան է ուզում): Միգուցե Փաշինյանն այդպես չէր ուզում, բայց այդպես ստացվեց ու նա սպանեց Վազգեն Սարգսյանի գործը (շատ խորհրդանշական էր, որ Շուշիում ադրբեջանցիները պղծում էին Վազգենի արձանը):
Նաիրին Վազգենին սպանեց, Նիկոլը՝ Վազգենի գործը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը