Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
10 գործոններ, որոնք կանխորոշում են Հայաստանի զարգացման գործընթացների բովանդակությունը․
1. Աշխարհաքաղաքական աճող մրցակցություն. Ռուսաստանի եվրասիական ինտեգրացիան, Թուրքիայի պանթուրքական էքսպանսիան, Արևմուտքի անվտանգության նոր ճարտարապետությունը։
2. Տարածաշրջանում կոնֆլիկտայնության բարձր մակարդակ. Արցախյան հակամարտությունը, Հայաստանի չկարգավորված հարաբերությունները Թուրքիայի հետ, Աբխազիայի և Հարավային Օսիայի չկարգավորված հիմնախնդիրները, Իրանի շուրջ իրավիճակը, քրդական հարցը տարածաշրջանում, հակամարտությունը Սիրիայում։ Հակամարտության նոր բաղադրիչ են դառնում տարածաշրջանային հաղորդակցության և ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները՝ նոր ճանապարհներ, նոր խողովակաշարեր, նոր նավահանգիստներ:
3. Բնական ռեսուրսների սպառումն ու դրանց համար պայքարը․ մեր տարածաշրջանում դրանք առաջին հերթին ջրային ռեսուրսներն են, ինչպես նաև՝ ոսկի, պղինձ, մոլիբդեն և այլն, իսկ Հայաստանի համատեքստից դուրս՝ գազը և նավթը։
4. Հայաստանի կողմից այնպիսի մրցակցային առավելության կորուստ, ինչպիսին է «մարդկային բարձրորակ ներուժը»:
5. Երկրի արագ և բեկումնային տնտեսական զարգացման սահմանափակ հնարավորություններ և սոցիալական անհավասարության աճ, այդ թվում՝ համավարակի, կլիմայական փոփոխությունների պատճառով, որոնք հանգեցնում են առօրյա կյանքի և արդյունաբերական ավանդույթների էական փոփոխությունների, պետական պարտքի ծավալների արագ աճ:
6. Արտագաղթի տեմպերի ավելացում և երկրում բնակչության թվի կրճատում։ Հակառակը՝ դեպի երկիր ներհոսքի միտում չկա, և այդպիսի գործընթացի համար նախադրյալներ չեն նկատվում։
7. Հասարակարության պառակտում, ներքին ատելության և ագրեսիայի բարձր մակարդակ: Պետականության ավանդույթների խարխլում, ներկայացուցչական ժողովրդավարության թուլացում, ահագնացող պոպուլիզմ, արդյունքում՝ ավտորիտարիզմի ի հայտ գալը:
8. Երկրի պաշտպանունակության համակարգի դեֆորմացիա՝ վերջինս վերածելով մշտական սադրանքների և ոտնձգությունների օբյեկտի։
9. Համահայկական ներուժի քայքայումը, ընդհանուր օրակարգի, միավորող համազգային գաղափարների և զարգացման լուծումների բացակայությունը:
10. Գլոբալիզացիան և տեղեկատվական ու հաղորդակցային նոր միջավայրը։
Մեր զարգացման ուղիների և հնարավորությունների ամբողջական և օբյեկտիվ ընկալման համար անհրաժեշտ է համարժեքորեն և ազնվորեն հասկանալ.
Ա) Աշխարհաքաղաքական միջավայրը և նոր սպառնալիքները,
Բ) Ներքաղաքական միջավայրը և նոր մարտահրավերները,
Գ) Համահայկական միջավայրը և նոր նկրտումները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը