07 08 2021

Դատավորի 17 տեղի համար մրցում է 50 թեկնածու

Դատավորի 17 տեղի համար մրցում է 50 թեկնածու

«Փաստինֆո»-ն գրում է.

«Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությունների քննության համար նախատեսված առաջին ատյանի դատարանում դատավորների թիվը կլինի 17-ը։ Այս պահին ԲԴԽ-ում ընթանում է դատավորների թեկնածուների գրավոր քննությունը։ 

Դատավորների 17 հաստիքի համար պայքարողները 50 են, այդ թվում՝ փաստաբանական համայնքի ներկայացուցիչներ։ Դեռևս պաշտոնապես հայտնի չէ մասնակիցների անունները, սակայն արդեն իսկ շրջանառվում են հիմնական հավակնորդների անունները։

Այսպես, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, հիմնական հավակնորդներից մեկը Վերաքննիչ քրեական դատարանի նորընտիր նախագահ Տիգրան Սահակյանի որդին է՝ Վազգեն Սահակյանը, որն աշխատում է որպես քննիչ։ Մյուս հավակնորդը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդին է՝ Դավիթ Արղամանյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է, ունի փաստաբանի արտոնագիր, 2019թ-ից աշխատել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական։ Վերջինիս անունը հանրությանը հայտնի դարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ընթացքում, երբ պարզվեց, որ նա մասնակցում էր ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի իրականացվող բողոքի ակցիաներին՝ պահանջելով նրան կալանքի տակ պահել։ Հենց նշված հիմքով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը բարձրաձայնել է դատավոր Մհեր Արղամանյանին վարույթից հեռացնելու անհրաժեշտության մասին, սակայն դատավորն այդպես էլ ինքնաբացարկ չի հայտնել։ Մամուլում շրջանառվում է նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի դատախազ որդու անունը՝ որպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով դատավորի հավակնորդ։

Նշված երեք դատավորներն էլ այս տարիներին բազում ծառայություններ են մատուցել Փաշինյանի իշխանությանը՝ վերջինիս ուշադրության կենտրոնում գտնվող գործերով կայացնելով իշխանահաճո որոշումներ, ու հիմնավոր կարծիք կա, որ նման ծառայությունների համար կխրախուսվեն՝ զավակներին դատավորի պաշտոններում նշանակելով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ