Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.
«Ստեղծված աննախադեպ բարդ իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը «Արժանապատիվ խաղաղության» բանաձևն է։
Մեզ նախկինում սպառնում էին պատերազմով, այսօր՝ խաղաղության համաձայնագրով։
Պետությունն արթնանում է պատերազմի ու զոհերի լրահոսով։
Իշխանությունը խուսափում է հասարակության հետ բաց խոսակցությունից և, կարծես թե, չունի լուծումներ։
Հունիսի 20-ի ընտրություններով «Արժանապատիվ խաղաղության» բանաձևը չի դրվել կասկածի տակ, չի մերժվել, չի կորցրել իր բացառիկ արժեքը։ Պարզապես այս բանաձևը ժամանակի սղության և այլ պատճառներով չի մտել հանրային և անհատական գիտակցություն։
Մեզ պետք է մշակել այդ բանաձևը Հայաստանի ներսում և արտաքին աշխարհի համար ընկալելի դարձնելու մեխանիզմները։Եվ սա պետք է անել հնարավորինս արագ։
Չի կարելի վարժվել այն բանին, որ երկրի օրը սկսվում է պատերազմով և զոհերով, չի կարելի վարժվել, որ ողջ օրը պետության առաջին դեմքերը ձայն չեն հանում, չի կարելի վարժվել այն մտքին, որ այլևս ուշ է ու ոչինչ անել հնարավոր չէ։
Գործող իշխանության ղեկավարը ցուցադրական համառությամբ անընդհատ շեշտում է ժողովրդից ստացած քվեն՝ որպես իրեն տրված մանդատ՝ պատմական հարցեր լուծելու։ Սա, մեղմ ասած, կիսաճշմարտություն է։ Քարոզարաշավը եղել է մուրճի, թալանի և վենդետաների շուրջ, և որևէ, կրկնում եմ, որևէ խորքային քննարկում չի եղել Կովկասյան նոր ճարտարապետության և այս համատեքստում Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ։
Հայաստանում այսօրվա փակուղուց դուրս գալու բանալին «Արժանապատիվ խաղաղության» բանաձևի մեջ է, ինչը ենթադրում է բանաձևի էվոլյուցիոն զարգացում դեպի ծրագիր և հանրային թիմեր, որոնք պատկերացնում են դա որպես գաղափար և ունակ են իրականացնել։
«Արժանապատիվ խաղաղության» գաղափարը որպես ծրագիր և ճանապարհային քարտեզ թերևս նաև միակ կոնսոլիդացիոն գաղափարն է, որը կարող է միավորել ծայրաստիճան պառակտված հասարակությանը։Հակառակ դեպքում իրար դեմ պայքարի պրոցեսը սահուն կարող է վերածվել Հայաստանի դեմ պայքարի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը